
«Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետության խնդիրը չէ». Արդարադատության նախարարի տեղակալ

Կոռուպցիայի խնդիրը միայն պետության խնդիրը չէ, սա և՛ պետության, և՛ կառավարության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների, և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ բիզնեսի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Այս կարծիքին է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով այսօր ներկա էր Կառավարություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի առաջին հանդիպմանը:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան («Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կն), ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները հայտարարում են համատեղ հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ու աշխատանքային խմբերի ստեղծման մասին՝ ընդգծելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 20152018 թվականների միջոցառումների ծրագրի պատշաճ կատարման անհրաժեշտությունը և հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների շուրջ փոխադարձ խորհրդատվության ու միասնական դիրքորոշման ձևավորման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով իրենց ուղղված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ քաղհասարակությունը չի համագործակցում պետության հետ, Ս. Քրմոյանն ասաց, թե վերջին տարիներին քաղհասարակությունն «անգնահատելի» ռեսուրսներ է ներդրել կոռուպցիայի դեմ պայքարի գործում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղհասարակության ներկայացուցիչներին: Ծրագրի ռազմավարության մշակման փուլում քաղհասարակության ներկայացուցիչները ոչ միայն համագործակցել են, այլև մեծ աջակցություն են ցուցաբերել թե՛ ռազմավարության մշակման, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, մշակման և իրականացման առումով: Բազմաթիվ ծրագրային լուծումներ են տրվել, և այդ առումով՝ այսօրվա հավաքը կարևորվում է նրանով, որ մենք պարտավորվում ենք ազդարարել պետություն- քաղհասարակություն աշխատանքային հարթակի ստեղծման մասին՝ հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»:
Ս. Քրմոյանի խոսքով՝ պետության կողմից այս հարթակի հիմնական շարժիչ ուժը կլինի Արդարադատության նախարարությունը, իսկ իրենց գործընկեր հ/կ-ները հ/կ-ների կողմից շարժիչ ուժ են լինելու. «Այս հարթակն աշխատանքային է լինելու, քննարկելու ենք կոռուպցիայի դեմ պայքարի ձևերը, միջոցները»:
Անդրադառնալով նաև այն մեղադրանքներին, թե կառավարությունը, պետությունը կամ պետական մարմինները վատ են պայքարում կոռուպցիայի դեմ, ճիշտ չեն աշխատում և այլն, Ս. Քրմոյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ կոռուպցիայի խնդիրը միայն պետության խնդիրը չէ. «Սա և՛ պետության, և՛ կառավարության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների, և՛ հասարակական կազմակեպությունների, և՛ բիզնեսի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է»:
Ըստ նրա՝ եթե ինչ-որ մի խումբ զերծ է մնում կոռուպցիայի դեմ պայքարից, դա դժվարացնում է պայքարի գործընթացը. «Ցանկացած պետական մարմին չի կարող մենակ աշխատել: Շնորհակալություն Եվրամիությանը (ԵՄ), որովհետև ԵՄ-ն միշտ մեզ հետ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե քաղաքացին չի վստահում պետությանը, նա չի վստահում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությանը»: