Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկելու ենք լարվածության նվազեցման ու կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցերը. Ջեյմս Ուորլիք
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին՝ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը «սառեցված չէ»:
Նա նշել է, որ լարվածությունը շատ մեծ է հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկայնքով:
«Մենք անհանգստացած ենք հրադարարի ռեժիմի խախտման դեպքերի ու կողմերի կողմից ծանր զինատեսակներ, ներառյալ՝ հրետանի կիրառելու դեպքերի առնչությամբ: Արկերի ու ծանր զինատեսակների կիրառումն անթույլատրելի է: Մենք մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում կորուստների փաստից ու կոչ ենք արել կողմերին ձեռնարկել հնարավոր ամեն քայլ՝ կանխարգելելու նման բռնությունը:
Հանուն իրավիճակի կայունացման՝ մենք շարունակում ենք քննարկումները՝ ստեղծելու վստահություն ու ավելի կառուցողական մթնոլորտ՝ կողմերի միջև բանակցությունների համար: Ես հավատում եմ, որ կողմերն աջակցում են համանախագահների՝ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությանը: Մենք հանդիպում ենք ղեկավարների հետ, որ քննարկենք բազմակողմանի համաձայնագրի դետալները: Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք առաջին հերթին քննարկելու ենք լարվածության նվազեցման ու կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցերը»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:
Նա անդրադարձել է նաև 2014թ. «Կարնեգի» հիմնադրամում իր ելույթին, որը նվիրված է եղել կրակի դադարեցման ռեժիմի 20-ամյակին:
Նա նշել է, որ իր հնչեցրած՝ կոնֆլիկտի լուծման տարրերն ու դետալները հայտնի են հայկական ու ադրբեջանական կողմերին:
«Հայաստանում ու Ադրբեջանում պակասում է քաղաքական կամք՝ կնքելու այդ համաձայնագիրը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ նախագահները պետք է հրաժարվեն ռազմական հռետորաբանությունից ու հասարակություններին պատրաստեն խաղաղության: Համանախագահները՝ կողմերի հետ համատեղ, շարունակում են աշխատանքը բազմակողմ համաձայնագրի դետալների վրա, սակայն այդ հարցն առաջին հերթին կախված է նախագահների քաղաքական կամքից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ուորլիքի կարծիքով՝ ժողովրդական դիվանագիտությունը շատ կարևոր է հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ստեղծման համար:
Նրա խոսքով՝ ողջ աշխարհում քաղաքական բանակցությունները խաղաղ գործընթացներում զուգորդվում են ներքևից եկող ջանքերով:
«Այդ ջանքերը թույլ են տալիս լավացնել պատերազմից տուժած մարդկանց միջև հարաբերությունները։ Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը շատ բարձր է, համանախագահները փորձում են աջակցել երկու երկրների բնակիչների հանդիպմանը։
Այս առումով բացառություն չեն Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները: Ես բազմիցս հայտարարել եմ, որ կողմերը համանախագահների հետ պետք է վարեն քննարկումներ՝ հանուն պատերազմից տուժած այդ մարդկանց: Այդ նախաձեռնությունների ամենավառ օրինակը ջրի խնդիրն է: Հուսով եմ, որ կողմերը կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու ջրային ռեսուրսների բաշխման հարցը: Համանախագահներն այդ հարցում պատրաստ են նրանց օգնել»,- հայտարարել է Ուորլիքը: