«Անձնագիրը, գերբը, դրամը, ամեն ինչ կա, ամեն ինչը շատ գեղեցիկ է, չկա մի բան՝ քաղաքացու հավատ». Արամ Մանուկյան
Հայաստանի Հանրապետության անկախությունն արդեն 24 տարեկան է: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը: Այդ պատմական փաստաթուղթն ընթերցել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Որքանո՞վ է այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կարողացել օգտագործել անկախության 24 տարի ընձեռած հնարավորությունները: 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Արամ Մանուկյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ ինստիտուտները, կառույցները կան.
«Անձնագիրը, գերբը, դրամը և այլն, ամեն ինչ կա և ամեն ինչը շատ գեղեցիկ է, օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է անկախ երկրի օրենսդրությանը: Սակայն չկա մի բան՝ քաղաքացու հավատ, որը հետևողական ոչնչացվում է իշխանության կողմից: Իշխանությանը ձեռք չի տալիս անկախ երկրի անկախ քաղաքացին, որովհետև դա իր համար վտանգ է սպառնում: Եվ, բացի դա, երկրից արտագաղթող քաղաքացին հոգնած ու հիասթափված է, փոխանակ մնա, պայքարի իր ու իր երեխայի անկախության և վստահելի ապահով ապագայի համար, թողնում-գնում է օտարության»:
Ըստ Ա. Մանուկյանի՝ սա իշխանության հետևողական ծրագիրն է, որ իշխանությունը հետևողականորեն թուլացնում է իր քաղաքացուն և´ ֆիզիկապես՝ ՀՀ-ում այսօր շատ քիչ մարդ է մնացել, և´ հոգեպես՝ այն առումով, որ ինքը պաշտպանված չէ, իր քվեն չի աշխատում, իր երկրի կառավարման գործերին չի մասնակցում: Ա.Մանուկյանի խոսքով՝ այս դեպքում քաղաքացին շատ թույլ է, իսկ եթե երկիրն ունի թույլ քաղաքացի, չի կարող ունենալ ուժեղ իշխանություն.
«ՀՀ-ն այսօր արագընթաց տեմպերով անկախության կորստի ճանապարհով է գնում: Հիմա հաշվեք՝ լա՞վն է շատ, թե՞ վատը: Դինամիկան լավը չի, տանում է դեպի անկախության կորստի: Բայց ես չեմ կարծում, որ դա վիճակ է, որից ելք չկա: Ես կարծում եմ՝ ցանկացած վիճակից ժողովուրդը կարող է ելք ունենալ և փրկել իր իսկ արժեք անկախությունը»: