Բաժիններ՝

Իշխանության և բռնության հարաբերության թեման Կամո Նիգարյանի ցուցադրությունում

Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում տեղի ունեցավ «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից, մշակութային անվանի գործիչներ, Կամո Նիգարյանի այրին և ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը:

Ուրվագծելով Նիգարյանի ստեղծագործական ուղին 1980-ականներից մինչև 2000-ականները՝ «Շիզոպոլիսը» բացահայտում է նրան՝ որպես 20-րդ դարի վերջի հայ արվեստի առաջադեմ, հակաինստիտուցիոնալ ներկայացուցիչներից մեկը:
1970-ականներին արված դիզայներական իր առաջին գործերից սկսած` Նիգարյանը քննադատական դիրք ուներ պետական ու մասսայական մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ:

Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նա խորապես մտահոգ էր մարդկային էության մեջ սաղմնավորված բռնության և իշխելու` բոլորիս ծածուկ ցանկությունից.

«Իշխանության և բռնության հարաբերության թեման համակցում են Կամո Նիգարյանի այն 18 աշխատանքները, որոնք առաջին անգամ միասին ներկայացվում են այս ցուցադրությունում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը:

Կարդացեք նաև

cucahandes (5) cucahandes (2) cucahandes (8) cucahandes (6) cucahandes (7)

Ազդագրային ու թանգարանային ձևավորումից մինչև գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը:

Ցուցահանդեսը քարտեզագրում է նրա համարձակ փորձարկություններն էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ, որոնց միջոցով արվեստագետը փորձում էր արտաբերել արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ իր տագնապը:

«Իրականում Նիգարյանի ստեղծագործական ուղին շատ հետաքրքիր է ուսումնասիրել այն տեսանկյունից, թե ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել վերջինս իր ստեղծագործական կյանքի բուռն էտապում, և, թե ի՞նչ դիրք զբաղեցրեց նա հետագայում՝ Շարժման տարիներից հետո: 80-ականներին նա ասպարեզ իջավ՝ որպես ակտիվ ու անդերգրաունդային, ոչ կոնֆորմիստ արվեստագետ, ով մասնակցում էր առաջադեմ մշակութային երևույթներին, կազմակերպում էր պերֆորմանսներ, և, վերջապես, նա արվեստագետ էր, ով աշխատում էր հանրային ոլորտում՝ ձևավորում էր ցուցահանդեսների և խոշոր թանգարանների էքսպոզիցիաներ, և հենց դրանց միջոցով էր փորձում ներազդել մարդկանց գիտակցության վրա:

Անկախության առաջին տարիներին Նիգարյանի ստեղծագործական կյանքը մտավ փոփոխական փուլ, նա խիստ գիտակցված կերպով դուրս եկավ ակտիվ հանրային տարածությունից՝ համոզված լինելով, որ ժամանակակից արվեստագետը կարիք ունի մտածելու, թե ի՞նչ է կատարվում իր շուրջը: Թեև իր կենդանության օրոք ես, ցավոք, չհասցրեցի Կամոյի հետ քննարկել, թե ի՞նչ բացահայտումներ արեց նա իր «լռության» տարիներին, բայց կարծում եմ՝ այդ իրականությունն այնքան արագ է փոփոխվում, որ արվեստագետը չի կարողանում լինել դրանից առաջ, և դրա համար իրեն պետք է գտնել այդ հոսանքից դուրս՝ մեկնաբանությունների դաշտում»,- ասաց Վ. Գալստյանը:

cucahandes (4) cucahandes (3) cucahandes (1)

Ինչպես սարսափների մի դահլիճ` «Կամո Նիգարյան. Շիզոպոլիսը» ցուցադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության «նեգատիվ» կողմը ու մտորելու մեր առօրյայի մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին: Հատկանշական է այն փաստը, որ Կամո Նիգարյանն իր կենդանության օրոք ունեցել է մեկ անհատական ցուցահանդես՝ 2001թ.:

Ցուցադրությունն այցելուների համար հասանելի կլինի մինչև դեկտեմբեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս