![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիացու մեկ անձնագիրն արժե 850-1000 դոլար, որի ներքո փախստականը կարող է հայտնվել Եվրոպայում և ստանալ բարենպաստ պայմաններում ապրելու հնարավորություն. արաբագետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/12022007_785387664904830_190490547_n.jpg)
Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ Եվրոպայում սկսված միգրացիոն ճգնաժամի հիմքերը կապված են արաբական աշխարհում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների հետ.
«Առհասարակ, միգրացիոն հոսքերը Եվրոպայի համար նոր երևույթ չեն: Անցած 5 տարիների ընթացքում փախստականների ընդունված չափաքանակը 110-120 հազար էր, որոնց հիմնական մասը Լիբիայի տարածքից ծովով անցնում էր Իտալիա, այնուհետև, համապատասխան քվոտաների համաձայն՝ բաշխվում էին Եվրամիության տարբեր երկրների միջև: Այս երևույթն առկա էր մինչև 2015թ. առաջին կեսը, իսկ 2015-ի ամռանից սկսած գործընթացները հանգեցրին Եվրոպան պատուհասած այս միգրացիոն ճգնաժամին: Ճգնաժամի պատճառը սիրիացի փախստականներն էին:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա է գաղթել շուրջ 486 հազար մարդ: Ընդ որում, այս կազմակերպությունը նշում է, որ 3 հազարն էլ չեն հասել Եվրոպայի տարածք և մահացել են ճանապարհին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ այդ թիվը մոտ 100 հազարով պակաս է»:
Արաբագետը նշեց, որ սիրիացիները Եվրոպա հասած փախստականների մոտ 40 %-ն են կազմում: Ըստ նրա՝ որպես սիրիացի փախստական՝ Եվրոպայում փորձում են հայտնվել մեծ թվով աֆղանցիներ, պակիստանցիներ, իրաքցիներ.
«Պատճառն այն է, որ սիրիացի փախստականների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված Եվրոպայում: Այս հանգամանքը պատճառ է դառնում բազմաթիվ հանցավոր երևույթների: Կան որոշակի ուժեր, կառույցներ, որոնք նպաստում են այս գործընթացի արագացմանը»:
Ա. Պետրոսյանը նկատեց՝ Թուրքիայի իշխանություններն անմիջական ներգրավվածություն ունեն այս գործում.
«Թուրքիայի հարևան երկրների հետ սահմանամերձ շրջաններից կամ Սիրիայի տարածքից փախստականներին հիմնականում տեղափոխում են թուրքական երկու նավահանգիստ՝ Բոդրում և Իզմիր, որտեղ գործում են հանցավոր խմբավորումներ, որոնք զբաղվում են փախստականների հավաքագրմամբ և դեպի Եվրոպա ուղարկելու տարբեր գործողություններով: Անգամ տարբեր թվեր են նշվում. 1500-5000 դոլար՝ նավի մեկ տեղի համար, բնականաբար, 1500 դոլարի դիմաց որևէ անվտանգության երաշխիք չի տրվում:
Իսկ սիրացու մեկ անձնագիրն արժե 850-1000 դոլար, որի ներքո փախստականը կարող է հայտնվել Եվրոպայում և ստանալ բարենպաստ պայմաններում ապրելու հնարավորություն: Օրինակ՝ վերջերս Սիրիայի տարածքում հավատարմագրված հոլանդացի մի լրագրող նման անձնագիր էր ձեռք բերել իրենց վարչապետի նկարով՝ սիրիացու անվան տակ, որ աշխարհին ցույց տա, թե ինչ հեշտ է ընդամենը 40 ժամվա ընթացքում ձեռք բերել անձնագիր և հայտնվել Եվրոպայի տարածքում»: