Ով է «մեղավոր», որ Վահան Մարտիրոսյանը հատեց Հայաստանի սահմանը
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով՝ տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ Երևանի Քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով Վահան Մարտիրոսյանն ունեցել է տուժողի կարգավիճակ: Այս գործը հարուցվել էր օգոստոսի 15-ին Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Նրանք, սակայն, հարցաքննության չեն ներկայացել։
ՀՀ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական գործում Վահան Մարտիրոսյանը ներգրավված է եղել՝ որպես մեղադրյալ: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ օգոստոսի 21-ին Ոստիկանությունում ստացվել է հաղորդում այն մասին, որ Վահան Մարտիրոսյանն մի բնակարանից գումար է հափշտակել: Օգոստոսի 28-ին Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ստացել է այդ նյութերը, նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն: Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վահան Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ ներկայանալու համար։
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ օգոստոսի 31-ին Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելը բացառելու համար:
Ըստ Քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, նա հրաժարվել է ցուցմունք տալուց: Քանի որ նրանք ծանուցվել են, սակայն չեն ներկայացել հարցաքննության, սեպտեմբերի 4-ին նրանց նորից բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել:
Սեպտեմբերի 9-ին կայացվել է Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվությանն վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 1-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել է Արաբկիրի քննչական բաժնի (ՔԿ) օգոստոսի 31-ի համապատասխան գրությունը, որով, ի թիվս այլ հանձնարարականների, հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ապահովելու Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի Հանրապետությունից չբացակայելու հանգամանքը:
«Կառավարության համապատասխան որոշմամբ Ոստիկանությունը սահմանային տեղեկատվական համակարգ կարող է մուտքագրել միայն հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալներ՝ հետախուզումը հայտարարելու և դադարեցնելու պահին, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում: Կառավարության նշված որոշմամբ՝ անձի ելքն արգելափակելու այլ հիմք նախատեսված չէ»,- ասաց նա՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ին ստացված գրությամբ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի Հանրապետությունից չբացակայելու հանգամանքն ապահովելը հնարավոր չի եղել կատարել, քանի որ այդ ժամանակ նրանք չեն գտնվել հետախուզման մեջ, և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել, իսկ սեպտեմբերի 2-ին՝ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ Արաբկիրի բաժնին տեղյակ չի պահվել:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ սեպտեմբերի 2-ին Արաբկիրի քննչական բաժին ներկայացվել է Վահան Մարտիրոսյանի կինը. «Իսկ նույն օրը՝ ժամը 17:30-ին, քննիչի կողմից որպես վկա բերման ենթարկելու որոշում է տրվել Արաբկիր բաժնին, և այդ որոշման համաձայն՝ Վահան Մարտիրոսյանը նույն օրը բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացվել է քննության»: