
Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ԵՄ Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական միության Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլայի գլխավորած պատվիրակությանը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների բյուրոյի նիստի և համաժողովի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ԵՄ երկրների և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՏԻՄ-երի զարգացումը կառավարության առաջնայնությունների թվում է և ավելացրել, որ այդ ուղղությամբ ԵՄ փորձն օգտակար է մեր երկրին: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ն մեր երկրի կարևոր գործընկերներից մեկն է և ՀՀ-ն պատրաստ է առաջ մղել երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Պարոն Մարկուլան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների բյուրոյի նիստը և համաժողովը հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ԵՄ երկրների համայնքների և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետությունների ՏԻՄ-երի միջև համագործակցության զարգացման շուրջ տեղի ունեցած քննարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ: Մարկու Մարկուլան նշել է, որ քննարկվել են համայնքներում տնտեսական աճի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործողությունների մշակմանը, ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ներկայացված ուղղություններով համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն էապես կնպաստի երկրի առաջընթացի գործում մեծ դերակատարություն ունեցող ՏԻՄ-երի զարգացմանը: