«Դուք միանգամից ոչնչացնում, ջրում եք մարդու իրավունքները, մարդակենտրոն Սահմանադրության սկզբունքները»

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Սահմանադրության հայեցակարգում արդեն մի քանի ամիս է` ասվում է, որ մարդու իրավունքները գերակա են, այս Սահմանադրությունը մարդակենտրոն է և հարցադրում հնչեցրեց, թե ինչո՞վ է դա հիմնավորվում: Ըստ նրա՝ նույն մարդու իրավունքների մասին դրույթներ կան նաև գործող Սահմանադրության մեջ և այդ մարդու իրավունքների շուրջ 40% նկատմամբ գրված է, որ հասարակական կարգից ելնելով կարող է դադարեցվել:

«Ինչո՞ւ եք խղճի, ընտանիքի իրավունքների դեպքում համառորեն գրում, որ դա կարող սահմանափակվել: Այսինքն՝ դուք միանգամից ոչնչացնում, ջրում եք մարդու իրավունքները, մարդակենտրոն Սահմանադրության սկզբունքները»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է կառավարման համակարգի դեպքում Իտալիայի օրինակը բերվում. «Իտալիայի պրոբլեմը Բեռլուսկոնին էր, մի այլանդակ անձնավորություն, որ հայտնվեց էդ պառլամենտում»: Ըստ Բագրատյանի՝ պետք էր սենատի երկպալատ տարբերակն ընտրել, որը երաշխավորում է կայունություն:

Հ.Բագրատյանը նշեց, որ ընտրիչների դեպքում ընդդիմությունը պետք է առնվազն 40% լինի, որ կարողանա գոնե թեկնածու առաջարկի:

Կարդացեք նաև

Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ հիմնական իրավունքների սահմանափակումները չի նշանակում, որ դրանք պետք է դադարեն. «Սահմանադրությունն ընդամենը արձանագրում է որոշակի դեպքերում մի քանի լեգիտիմ հիմքերով, այդ թվում՝ նաև հասարակական կարգի պահպանման հիմքով, սահմանափակումերի ենթարկվել: Պետք է լինեն լեգիտիմ հիմքեր սահամաափակումներ թույլ տալու համար, բայց այդ դեպքում էլ չի կարելի իրավունքը դադարեցնել, այլ միայն սահմանափակել»:

Վ.Պողոսյանը նշեց, որ առաջին անգամ առաջարկում են Սահմանադրության մակարդակով ամրագրել համաչափության սկզբունքը, որ գործող Սահմանադրությունում չկա, և որոշակիության սկզբունքը, երբ օրենքը պետք է շատ հստակ պատճառներ տա սահմանափակում կիրառելու համար:

Պողոսյանի խոսքով՝ կայուն մեծամասնւթյան գաղափարն անդրադառնում է այն ուժերին, որոնք գալիս են իշխանության և ստանձնում երկրի կառավարոմը: Նա հավաստիացրեց, որ երկպալատ պառլամենտը նույնպես որևէ երաշխիք չի կարող ստեղծել կայուն կառավարության համար:

Տեսանյութեր

Լրահոս