Տուժողներին մեղադրանք է առաջադրվել՝ սուտ ցուցմունք տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ որպես տուժող դատարանում հարցաքննվելիս սուտ ցուցմունքներ տալու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Մարգարյանի կողմից երկու անձի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տուժողները տվել են սուտ ցուցմունքներ։ Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով տուժողները սուտ ցուցմունքներ են տվել իրենց ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմի վերաբերյալ՝ նշելով, որ Ա.Մարգարյանն իրենց չի դանակահարել և, իբր, մարմնական վնասվածքներն ստացել են վայր ընկնելու հետևանքով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տուժողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս