Երիտասարդը գողացել է տատի զարդերը, սպանել նրան, դին Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք տեղափոխել և այրել
Դատարան է ուղարկվել թոռան կողմից տատին սպանելու դեպքով հարուցված քրեական գործը:
Նախաքննական մարմնի կողմից երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի «օրգանները» սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերն իր մեքենայով տատի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանություն, և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ խոշոր չափերով գողություն:
Քրեական գործին որպես իրեղեն ապացույց կցված են ոսկյա զարդերը, տուժողի գիշերազգեստը, ամբաստանյալի եղնգային կտրվածքները, բարձի երեսից կտրված 3 կտորները, ավտոմեքենայի հետին նստատեղից ցած ոտնատակի երկու գորգերը, ավտոմեքենայի հատակի պաստառից կատարված կտրվածքները, թանզիֆի խծուծով վերցված արյան հետքը, ամբաստանյալից առգրավված իրերը, նրա բջջային հեռախոսը: