Ինչո՞ւ «Ռոսգոսստրախ Արմենիան» չի վճարում հատուցումները

Հինգ տարի առաջ ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որ թվում էր, թե պետք է հեշտացնել վարորդների կյանքն ու ավտովթարների վեճերը լուծեր առանց բախումների: Ավտոապահովագրման համակարգը ներդրվեց 2011-ից, ու բոլոր ավտոմեքենաների համար պարտադիր դարձավ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը:

Վճարելով որոշակի գումար (միջինում՝ 25 հազար դրամ)՝ վարորդները վթարների դեպքում, եթե միջադեպի մեղավորն իրենք չեն, ստանում են փոխհատուցում՝ ավտոմեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափով:

Համենայն դեպս՝ պետք է ստանան: Սակայն վերջին շրջանում ԱՊՊԱ-ի փոխհատուցման հետ կապված դժգոհությունները հետզհետե ավելանում են, և դա վերաբերում է հատկապես «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության աշխատանքին:

168.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ քաղաքացի Պարգև Վարդանյանը՝ ահազանգելով, որ «Ռոսգոսստրախ Արմենիան» ամեն ինչ անում է՝ վթարի հետ կապված ապահովագրության հատուցումը չվճարելու համար: Դա են փաստում Պ.Վարդանյանի ներկայացրած փաստաթղթերը:

Խնդիրն այն է, որ այս տարվա ապրիլի 19-ին, ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի վրա, Ռուբեն Հայրապետյանի տան մոտակայքում, միմյանց են ընդհարվել Բորիս Թադևոսյանի «Ford Escape» մակնիշի 19ՏՍ212 համարանիշի և Պարգև Վարդանյանի «Mercedes-Benz C220» մակնիշի 31ՕՍ192 համարանիշի ավտոմեքենաները: Բ.Թադևոսյանը բացատրություն է տվել, որ պատահարին նախորդող պահին իր ավտոմեքենայով երթևեկել է Խ.Աբովյան թաղ. 2-րդ փողոցով, հասնելով Բաբաջանյան փողոց՝ անուշադրության հետևանքով չի զիջել նշված փողոցով ընթացող Պ.Վարդանյանի մեքենային:

Ընդ որում՝ Պ.Վարդանյանը երթևեկել է գլխավոր փողոցի երկրորդ գոտիով, իսկ հանդիպակաց երթևեկության գոտիները միմյանցից բաժանված են հոծ գծով: Այսինքն՝ երկրորդական փողոցից դուրս եկող մեքենան այդ հատվածում իրավունք ունի միայն շրջվել դեպի աջ՝ փողոցի եզրային գոտիով, և իրավունք չունի դուրս գալ երկրորդ գոտի, առավել ևս՝ կատարել ձախ շրջադարձ: Սակայն Բ.Թադևոսյանը փորձել է կատարել ձախ շրջադարձ ու աջից հարվածել է Պ.Վարդանյանի մեքենային՝ այն դուրս գցելով երթևեկության հանդիպակաց գոտի:

Ապրիլի 22-ին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության փորձագետը Պ.Վարդանյանի մեքենային հասցված վնասը գնահատել է 282 հազար դրամ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Պ.Վարդանյանը, մասնագետները վնասը գնահատել էին շատ ավելին, և ինքն ընկերությունից պահանջել է գումարի փոխարեն՝ վերանորոգել ավտոմեքենան. «Առաջարկեցին վերանորոգումն իրականացնել «Կառկոմավտո» ընկերությունում, որին

ես համաձայնեցի: Բայց 3 օր անց հայտարարեցին, թե չեն կարող փոխհատուցել կամ վերանորոգել մեքենաս՝ պատճառ բերելով, թե դեպքի վայրում նշան չկա, որ Բաբաջանյանը մյուս փողոցի համեմատ գլխավոր է»:

Մերժելով իր հաճախորդին, մեկ ամիս անց՝ մայիսի 25-ին, «Ռոսգոսստրախ Արմենիան» դիմել է «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի աշխատակից Պ.Հարությունյանը, ուսումնասիրելով տեղանքը, հանգել է եզրակացության, որ խաչմերուկը կարգավորվող չէ, բացակայում են ճանապարհային երթևեկության նշանները, և ոչինչ չէր կարող հուշել Բ.Թադևոսյանին, որ ինքը երկրորդական փողոցից դուրս է գալիս գլխավոր փողոց ու պետք է զիջի գլխավորով երթևեկող մեքենաներին:

Փորձագետը նաև լիովին իրավաչափ է համարել, որ Պ.Վարդանյանը չի զիջել իրեն աջից հարվածող մեքենային՝ գիտենալով, որ երթևեկում է գլխավոր փողոցով ու պարտավոր չէ զիջել: Այսինքն՝ փորձագետը վթարի պատճառները համարել է տեխնիկական՝ ճանապարհային նշանների բացակայությունն ու երթևեկության ոչ պատշաճ կազմակերպումը, և միայն առաջարկել է համապատասխան կահավորել փողոցները:

Իսկ Պ.Վարդանյանի հետ զրույցում իր դիրքորոշումն արդարացրել է, թե չի կարող «իր գործատուի»՝ ապահովագրական ընկերության դեմ աշխատել: Հիմք ընդունելով այս եզրակացությունը, որ իբրև Բ.Թադևոսյանը վթարի մեղավոր չէ, հետևաբար՝ Պ.Վարդանյանին պատճառված վնասների առաջացման համար պատասխանատվություն չի կրում՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը մերժել է իր դիմումատուին: Այսինքն՝ ապահովագրության հատուցման մասին չի կարող խոսք լինել:

«Ռոսգոսստրախ Արմենիան» Պ.Վարդանյանին ուղղորդել է դատարան՝ առաջարկելով հայց ներկայացնել Երևանի քաղաքապետարանի դեմ:

Տարօրինակ է, բայց փորձագետը բոլորովին ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Բաբաջանյան փողոցի հանդիպակաց գոտիները բաժանված են հոծ գծով և, թեկուզև, ոչ երկրորդական փողոցից դուրս եկող մեքենան պարզապես իրավունք չուներ այդ մասում ձախ շրջադարձ կատարելու:

40 տարվա վարորդական ստաժ ունեցող և առաջին անգամ վթարի ենթարկված Պ.Վարդանյանը, ով, ի դեպ, ավտոգործի դասատու է, նշեց, որ իր խնդրանքով Բ.Թադևոսյանը Ոստիկանությունում լրացուցիչ բացատրություն է գրել ու նկարագրել վթարը՝ հանձն առնելով իր մեղավորությունը: Սակայն այդ գրությունը «Ռոսգոսստրախ Արմենիան» որակել է՝ որպես «անօրինական հիմք», ու կրկին մերժել փոխհատուցել:

Պ. Վարդանյանը դիմել է ֆինանսական հաշտարարին: Վերջինիս նախաձեռնությամբ կրկին փորձաքննություն է իրականացվել՝ այս անգամ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» կողմից: Օգոստոսի 4-ին տրված եզրակացությունում անկախ փորձագետը նշում է, որ Բ.Թադևոսյանն է «ոչ պատշաճ ու վտանգավոր» կառավարել իր մեքենան և առաջացրել վթարային դրություն:

Միաժամանակ, փորձագիտական գնահատմամբ՝ սահմանվել է, որ Պ. Վարդանյանի մեքենային հասցված վնասը կազմում է ոչ թե 280 հազար դրամ, այլ 474 հազար դրամ: Հաշտարարն այժմ սպասում է 25 օր առաջ Ոստիկանությանն ուղղված իր դիմումի պատասխանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք Բ.Թադևոսյանի տված լրացուցիչ բացատրությունն իրավական հիմք է, թե՞ ոչ:

«Այս ընթացքում վերևից փորձում են բոլորին ճնշել, որ գործն ընթացք չստանա, նույնիսկ ոստիկաններն էլ են ինձ խնդրել, թե ճնշումներ կան, բողոքս հետ վերցնեմ: Իսկ իմ պահանջը մեկն է՝ մեքենաս վերանորոգեն: Իմ աշխատանքը մեքենայի հետ է կապված, եթե մեքենա չունեմ՝ գործ չունեմ: 4.5 ամիս առանց մեքենա եմ, ինչի՞ պետք է գործ չունենամ նրանց պատճառով: Ինչո՞ւ չեն փոխհատուցում: Ի՞նչ է, եթե իմ փոխարեն՝ մարդ լիներ էնտեղ, պետք է նրան վրաերթի ենթարկե՞ր»,- դժգոհեց Պ. Վարդանյանը՝ հավելելով, որ վթարի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, բայց տանն է պառկել 3-4 օր, բուժվել՝ ավելորդ քաշքշուկից խուսափելու համար:

«Ես իրենց էլ եմ ասել՝ մինչև վերջ գնալու եմ ձեր դեմ, չեմ հանգստանալու: Ես երկքաղաքացի եմ՝ ՀՀ և Իսրայելի, թողել-եկել եմ իմ երկիրը, որ նման կերպ վարվե՞ն ինձ հետ: Իսրայելում իմ չաշխատած օրերի վարձն էլ կտային, ոչ թե նման քաշքշուկ կստեղծեին»,- նկատեց իր իրավունքների համար պայքարող քաղաքացին: Նա նշեց, որ եթե հաշտարարն էլ արդյունքի չհասնի, կդիմի դատարան: 1_640x480 2_640x480 3_640x480 4_640x480 5_640x480

Տեսանյութեր

Լրահոս