Հայաստանը՝ որպես զբոսաշրջիկ առաքող երկիր

Հայաստանում կազմակերպվող տուրիստական ցուցահանդեսները պետք է նպատակ հետապնդեն Հայաստանը որպես տուրիստական ուղղություն գովազդելը, այսինքն` դեպի Հայաստան տուրիստական հոսքն ավելացնեն, սակայն իրականում փորձը ցույց է տալիս, որ նման միջոցառումները վերածվում են գավառային հոտ ունեցող փոքրիկ ակցիաների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ այնքան` դեպի ՀՀ եկող ընկերությունների, որքան Հայաստանից տուրիստ տանող երկրների համար, օրինակ` Արաբական Միացյալ Էմիրություններն են մասնակցում, Հունաստանը, Կիպրոսը, և այլն։

Նման տեսակետ մեզ հետ զրույցում հայտնեց Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և տուրիզմի ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանը։ «Անցած տարի միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ Վանի ու Ղարսի տուրհյուրանոցներն էին շատ ակտիվ ներկայացված, ու դա որոշակիորեն հետաքրքրություն առաջացրեց Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Իսկ եթե պարզ խոսենք` հետաքրքրությունը մեծացավ Թուրքիայի նկատմամբ։

Ընդ որում` Անթալիայի կամ Եգիպտոսի հայտնի կուրորտները չեն մասնակցում նման ցուցահանդեսների` գիտենալով, որ մեծ ընտրություն չկա, ու իրենց հաճախորդները չեն պակասի։ Այսինքն` ստացվում է, որ Հայաստանից արտագնա ուղղությունների այն ներկայացուցիչներն են գալիս, որոնք ՀՀ-ն դիտում են` որպես պոտենցիալ տուրիստ առաքող երկիր»,- ասաց Ա.Ոսկանյանը։ Ըստ նրա` միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսի միայն անունն է կովկասյան, ցուցահանդեսին լավագույն դեպքում մասնակցում են հայկական ու վրացական ընկերություններ, իսկ Հարավային կամ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչներ չեն լինում. «Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է, բայց ընդհանուր տարածաշրջանը ներկայացնող ընկերություն չի մասնակցել։

Ցանկալի կլիներ, որ այդ ցուցահանդեսին ներկայացվեր համատեղ պրոդուկտ, գոնե` Հայաստան-Վրաստան ուղղակի կապով, ենթադրելով, որ Վրաստանով Ադրբեջանն էլ կմասնակցի դրան։ Որոշ երկրներից, օրինակ` Ճապոնիայից, Չինաստանից, որ տուրիստները հեռվից են գալիս, և ճանապարհածախսը բավականին զգալի է, իրենց համար այս տարածաշրջանը գոյություն ունի` որպես Կովկասյան տարածաշրջան, իրենք ասում են, որ իրենց հետաքրքրում է Հայաստանը ոչ միայն` որպես առանձին երկիր, այլև` պրագմատիզմի, հարմարավետության, և տնտեսական առումով` նաև տարածաշրջանի մյուս երկրները, և սա այն պրոդուկտն է, որ իմաստ ունի ներկայացնել, ու հեշտ կվաճառվի»։

Կարդացեք նաև

Ա.Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում անցկացվում են ձմերուկի, գարեջրի փառատոներ, որոնք տեղային երևույթներ են, իսկ, օրինակ, գերմանական գարեջրի փառատոնը միջազգային ճանաչված միջոցառում է. «Հայկական գարեջրի փառատոնը չաճեց և իր ուրույն տեղն է զբաղեցնում խորովածատոլմայաչալաղաջային շարքում։

Եթե, օրինակ, Էրեբունի թանգարանն իր ցուցադրման մեջ ասում է, որ առաջին գարեջուրը հայկական է եղել, գարին կարասներում մնացել է, և թուրմանման բան է պատրաստվել, դա շատ լավ է, բայց որքանո՞վ է դա ընկալվում որպես տուրիստական մեսիջ, ու որքանո՞վ է այն հասցվում պոտենցիալ տուրիստներին, նույն գարեջրի սիրահարներին, որ գան տեսնեն, որ գարեջրի հայրենիքը սա է։ Սակայն միաժամանակ Հայաստանը հատիկային մշակաբույսերի հայրենիքն է, քանի որ Նոյի տապանն Արարատի գագաթին կանգ է առել, հատիկայինները ցրվել են ու հիմնավորվել Հայաստանում։

Սիսիանում մենք ունեցել ենք հացի թանգարան, մի՞թե այդ փառատոների շարքի մեջ հնարավոր չէր հացի փառատոն կազմակերպել, որը շատ լուրջ համամարդկային նշանակություն կարող է ունենալ։ Այլ հարց է` չալաղաջն ու տոլման, որին դեմ չենք բոլորս սեղանի շուրջ, բայց այլ բան են հացի թանգարանն ու փառատոնը, որի մեջ մի քիչ ավելի վեհ ու բարձր մոտեցում է։

Այսինքն` պոտենցիալը որ կա, չի արվում։ Եթե խորովածի փառատոնի ռեսուրս ունենք, ի՞նչն է պատճառը, որ հացի տոն չեն ստեղծում։ Չէ՞ որ լավաշն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն դարձավ»։ Ընկերակցության ղեկավարը կարևորեց ցուցահանդեսների արդյունավետության վելուծությունը, թե X երկրի Y ընկերությունը մասնակցությունից հետո ինչ արեց, տուրիստներ բերե՞ց, թե՞ ոչ։

Նրա խոսքով` ցուցահանդեսները միայն բուրգի գագաթն են, խորքային պրոցեսները` վերլուծական, մարքետինգային, PR գործողությունը չի երևում։ «2001-ին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակը նշվեց, բայց կրոնական ուխտագնացության տուրիզմի թռիչք չապրեցինք։ Այս տարի մյուռոնօրհնությունը սեպտեմբերի 27-ին է։ Նման միջոցառում 7 տարին մեկ է անցկացվում, քրիստոնյա և հայ աշխարհի համար լրջագույն միջոցառումներից մեկն է։ Այս միջոցառումը ՀՀ-ում սկսել է լուրջ գովազդվել ու տարածվել ընդամենը մեկ ամիս առաջ, օգոստոսի վերջին սկսեցին ներքին սպառման շուկայի պաստառներ տեղադրել, բայց լավ է` տեղի հայ քրիստոնյան կարծես գիտի` սա ինչ է, եթե մեր մեսիջները ՀՀ տարածքից դուրս չեն գալիս, ապա արդյո՞ք մենք այս միջոցառումը չենք կորցնում»,- ասաց Ա.Ոսկանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս