Սերժ Սարգսյանը գուցե փորձի հարցերն ավելի սուր դնել
Օրերս ԼՂ հակամարտության գոտում լարվածության ալիքի կտրուկ բարձրացման ֆոնին կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Սարգսյանը հանդիպում ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագիտական հանրության կանխատեսումների համաձայն` այցի շրջանակում հայկական կողմից կարող էին զիջումներ կորզվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում, այնինչ պաշտոնական հաղորդագրությունները նման զարգացում չարտացոլեցին։
Ըստ շրջանառության մեջ դրված տեղեկությունների` երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։ Այցի ընթացքում Էներգետիկայի նախարարության հետ է համաձայնագիր ստորագրվել, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել` հասցնելով մինչև 165 դոլարի, ինչը գազի սպառողական գնի վրա չի անդրադառնա։
Ստորագրվել է նաև Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, ինչը թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը։ Ստորագրվել և արդեն ուժի մեջ է մտել նաև համաձայնագիր, որի համաձայն` Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ Դուշանբեում` ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ խոսելու է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին` ներկայացնելով վերջին զարգացումները։
Նախագահները մտքեր են նաև փոխանակել և համաձայնության եկել քննարկել, թե ինչու է վերջերս նվազել առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի ԵԱՏՄ-ի բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով։
«168 Ժամի» հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասաց, որ հանդիպման օրակարգն ու քննարկվելիք հարցերի բազմությունը ենթադրաբար բավականին լայն է եղել` հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթը։
Ըստ նրա` այդ հարցերից մեկը ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է եղել, բնական է, որ այդ տեղեկությունները չէին դրվելու շրջանառության մեջ, հաշվի առնելով Ռուսաստանի առանձնահատուկ հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ, որևէ կողմի հետ հանդիպման կարևոր և խորը մանրամասները հաստատ չէին տարածվելու, որպեսզի դա չբարդացներ Ռուսաստանի ճկուն կոչված քաղաքականությունը։
«Բայց կային նաև շատ այլ կարևոր հարցեր, որոնք պետք է տեղ գտնեին օրակարգում։ «Էլեկտրիկ Երևանի» բարձրացրած բողոքի ալիքը չէր քննարկվել ՌԴ-ի հետ բարձր մակարդակով այն դեպքում, երբ դրանք կարևոր էին հայ-ռուսական հարաբերությունների համար։
Հայաստանում բավականին ծավալուն զորավարժություններ կազմակերպվեցին, որոնց Ռուսաստանը որևէ ակնհայտ մասնակցություն չունեցավ, և դա, ինչպես տեսնում ենք պաշտոնական հայտարարություններից, որոշ չափով մտահոգել է ռուսական կողմին, պարզ է, որ այդ կապակցությամբ ևս ինչ-ինչ բացատրություններ պետք է տար Սերժ Սարգսյանը։
Բացի դրանից, կան բազմաթիվ զարգացումներ, որոնք կապված են ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ, և շատ այլ աշխարհաքաղաքական հարցեր, ինչպիսին է Ղազախստանի անդամակցությունը ԱՀԿ-ին, որը նոր խաղի կանոններ է սահմանում կամ ամրացնում խաղի կանոնների բացակայությունը ԵՏՄ-ում, առանց դրա էլ անորոշությունը խորն էր, իսկ հիմա ավելի խառնվեց։ Այնպես որ, բազմաթիվ հարցեր կային, որոնք մտքերի փոխանակման առումով կարևոր էին։ Բայց, ցավոք, կարող եմ կանխատեսել, որ մինչև վերջ երբեք ողջ բովանդակությանը ծանոթ չենք կարող լինել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է` նախագահ Սերժ Սարգսյանն իր խոստացած Դուշանբեի ելույթում դիմի ՀԱՊԿ-ին` օգնության նպատակով, Նավասարդյանը պատասխանեց, որ առաջին անգամը չէ, որ ՀՀ-ն հարցեր է բարձրացնում ՀԱՊԿ-ում, Ադրբեջանի հետ հակամարտության շուրջ։
«Նման ելույթները սովորաբար խորհրդանշական են, քանի որ ՀԱՊԿ-ի մեխանիզմները որևէ կերպ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում չեն գործելու։ Հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան երբևէ, և միգուցե կփորձի Սերժ Սարգսյանն ավելի սուր դնել հարցերը, քան մինչ այդ, բայց արդյունքի վրա դա չի ազդելու, և ՀԱՊԿ-ն, որպես կառույց, ձեռնպահ կմնա որևէ դիրքորոշում արտահայտել կամ որևէ գործողություն նախաձեռնել այդ ուղղությամբ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Իր հերթին` ռուս վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը նշեց, որ հանդիպման արդյունքները կանխատեսելի էին, սակայն դրական։
Նրա համոզմամբ` Մոսկվայում հաստատված պայմանավորվածությունները կօգնեն Հայաստանին հեշտությամբ հաղթահարել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ «Ռուսաստանը փորձում է վերացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական անհավասարակշռությունը։ Չէ՞ որ Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերում մի քանի տարբեր կենտրոններից, ոչ միայն Ռուսաստանից, ու, եթե այդ հավասարակշռությունը չպահպանվի` կարելի է հույսը կտրել բանակցային գործընթացից»,- ասաց Եվսեևը։
Վերջինս թյուր է որակում ՀՀ-ում շրջանառվող կարծիքներն այն մասին, որ ՌԴ-ն ապակայունացնում է հակամարտության գոտին` սպառազինություն վաճառելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Նրա վստահեցմամբ` ՌԴ որդեգրած այդ քաղաքականությունը միտված է իրավիճակի հավասարակշռմանը և ոչ` հակառակը, ինչը լի է մի շարք վտանգներով։ Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ` այցը կարելի է աշխատանքային որակել։ «Նախագահները շատ հարցեր ունեին քննարկելու և քննարկեցին»,- նկատեց նա։