«Հանրությունն ինքը պետք է այս քայլը քաջ գիտակցի ու ոտքի կանգնի»

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ

– Տիկին Փոստանջյան, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունն ու Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Քանի դեռ տարածաշրջանն այսպես միլիտարիզացված է, և մեր հակառակորդն ամեն տարի այս քանակի զենք է գնում, և, փաստորեն, զենքը նրան մատակարարում է Ռուսաստանի Դաշնությունը, ապա լարված վիճակի դադար մենք չենք ունենալու, որովհետև այդ զենքը, որ գնվում է, պետք է օգտագործվի, հենց այնպես չի գնվում: Եվ այստեղ մեր ուժերը պետք է բանեցնենք այն ուղղությամբ, որ թույլ չտանք, որպեսզի Ադրբեջանին այդ քանակով զենք մատակարարեն: Այդ առումով հավասարակշռությունը պետք է պահպանվի տարածաշրջանում: Նաև պետք է պատրաստ լինենք ու մեր պաշտպանությունն ավելի ուժեղացնենք:

Իսկ պաշտպանությունը ոչ միայն ռազմական գործողությունների միջոցով է տեղի ունենում, այլ նաև դիվանագիտական և տարբեր միջազգային քաղաքական հարթակների միջոցով պետք է բարձրաձայնենք խնդրի մասին ու, իհարկե, պետք է բանակցենք, որպեսզի միջազգային հանրությունը զսպի Ադրբեջանին: Այստեղ մենք շատ մեծ ճակատ ու գործ ունենք անելու, որը մինչ այս պահը ես գնահատում եմ անբավարար:

Կարդացեք նաև

– Իսկ հայ-ռուսական դիվանագիտությունն այդ առումով ինչպե՞ս եք գնահատում:

– Ռուսաստանի Դաշնությունում մենք ունենք քաղաքացիներ, հայրենակիցներ, ովքեր բարօրություն են բերում ՌԴ-ին, նրանք նաև պետք է ՌԴ-ում լինեն գործոն: Ճիշտ է, ազգային գործոն լինելը, պետական ազգային շահը բանեցնելն ավելի արդյունավետ և դյուրին է ժողովրդավար պետության մեջ, քան՝ ոչ ժողովրդավար պետության, իսկ Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ, բայց, այնուամենայնիվ, այդ հայտը, որ մենք գործոն ենք, չենք ներկայացրել: Եվ այս ուղղությամբ նույնպես պետք է աշխատանք տարվի և, եթե մենք ազգային հարց ենք բարձրացնում, ապա մեր հայրենակիցներն այդ ազգային հարցը պետք է նաև սպասարկեն տարբեր միջոցառումների տեսքով:

Սակայն մինչ այս պահը, երբ նույնիսկ մեր հայրենակցին տգեղ տեսարանի միջոցով ուզում են նվաստացնել, օրինակ՝ երբ խալաթով դատարան բերեցին, կամ մյուս հայրենակցին, որ սպանում են, ապա ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն արդեն ցանցային համախմբվածության տեսքով պետք է իրենց ձայնը բարձրացնեն: Եվ այստեղ մենք՝ որպես պետություն, մեր ձայնը պետք է բարձրացնենք: Այս առումով մենք նույնպես որպես պետություն պետք է կազմակերպենք մեր հայրենակիցներին, ու այստեղ էլ ունենք բացթողումներ:

– Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, որտեղ պետք է հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեսակետ կա, որ հանդիպման նպատակն իրականում սահմանադրական փոփոխություններն են: Մինչ այս ռուսական աղբյուրները նշում էին, որ Կրեմլը դեմ է ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին՝ հաշվի առնելով ԵՏՄ-ն, օրինակ՝ փաստարկ է բերվում, որ նախագահների հանդիպման ժամանակ վարչապետը չի կարող ներկայացնել Հայաստանը` որպես պետության ղեկավար:

– Այն, որ ՌԴ-ի դիրքորոշումն ընդհանուր առմամբ ցանկացած քաղաքական միջոցառման վերաբերյալ ՀՀ-ում բավականին ազդեցիկ է, դա այդպես է: Եվ այդ տրամաբանության ներքո էլ, իհարկե, ազդեցություն կլինի: Ինչպիսի՞ ցանկություն ունի ՌԴ-ն՝ լինի՞ այսպիսի Սահմանադրություն, թե՞ չլինի այսպիսի Սահմանադրություն: Բայց չենք կարող բացառել, որ երբեմն այլ գերտերությունների հետ համընկնեն կարծիքները և դիրքորոշումները, որին մենք ականատես եղանք 2 տարի առաջ, որ Սերժ Սարգսյանին հավասարապես և՛ Պուտինը, և՛ Եվրամիությունը ճանաչեցին` որպես ՀՀ նախագահ: Այսինքն՝ այդ չընտրված անձը, որն ուղղակի զավթեց իշխանությունը, իրենց կողմից ճանաչում ստացավ:

Ռուսաստանի դեպքում ճանաչման պատճառն այն էր, որ ինչ ասեն` նա կանի, և այդպես էլ եղավ, իսկ մյուս դեպքում էլ Սերժ Սարգսյանը ստանձնել էր պարտականություն, որ կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ս. Սարգսյանը պարտավոր էր ոչ թե այլ պետությունների շահը սպասարկել, այլ ներպետական ազգային շահի մասին մտածել: Մինչդեռ ինքը գերադասեց իր անձնական շահը սպասարկել, որպեսզի իրեն ճանաչեն նախագահ:

– Այսինքն՝ Պուտին-Սարգսյան հանդիպումից որևէ լավ բան չե՞նք կարող սպասել:

– Երբեմն լավ բաները համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ, երբեմն դեմ են հայ ժողովրդի շահին: Օրինակ՝ 1918 թ. երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, ցարական Ռուսաստանում հեղափոխությունից հետո կարգերը փոխվեցին, նույնիսկ այդ ժամանակ հայերը չէին պատկերացնում, որ կարող են ունենալ անկախ պետականություն, կամ Հարավային Կովկասում 3 հանրապետությունները կարող էին ունենալ անկախություն: Մինչ այդ ինքնավարության մասին էր խոսք գնում: Եվ դրանից հետո մեզ՝ որպես անկախ պետություն, առաջինը ճանաչեցին եվրոպական պետությունները, հետո ճանաչեց Ռուսաստանը: Այսինքն՝ երբեմն շահերը համընկնում են, երբեմն` ոչ: Հիմա ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարող են համընկնել, բայց այն, որ այսօր Ս. Սարգսյանն ազգային շահերից հեռու է և չի սպասարկում դրանք, դա միանշանակ է:

– Տիկին Փոստանջյան, անցած շաբաթ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լսումներ էին, բայց «Ժառանգություն» խմբակցությունից ոչ ոք չէր մասնակցում: Ինչո՞ւ:

– Լսումներն այն դեկորացիան են, որ փորձում է ապահովել Ս. Սարգսյանը, թե իբրև կա խնդիր Սահմանադրության բարեփոխման, և այդ խնդրին մասնակից են բոլոր քաղաքական ուժերը, գալիս են, խոսում են, հարցեր են բարձրացնում: Ինքը պետք է ապահովեր այդ տեսարանը: Դրան էին միտված նաև Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ընդունելությունները: Հետևաբար՝ այդ տեսարաններին մասնակցությունն անիմաստ է, ապարդյուն, և մենք չենք ցանկանում օգնել այդ տեսարանի կայացմանը:

– Սակայն նույն կերպ գարնանը քաղաքական ուժերը հանդիպում էին Սերժ Սարգսյանի հետ, և «Ժառանգությունից» գնացել էին Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

– Մենք որոշում կայացրեցինք, որ՝ ոչ, չենք հանդիպում: Մինչ այդ էլ մենք չունեինք նման որոշում:

– Երբ նախագծի շուրջ քննարկումներ ծավալվեն ԱԺ նիստերի ժամանակ, հարցը քվեարկության դրվի, «Ժառանգության» դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու:

– «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու: Մենք, իհարկե, հայտարարությամբ հանդես կգանք հանրության համար, հրապարակավ արդեն ձևավորվում է «դեմ»-ը, քաղաքական մոբիլիզացիայի խնդիր է առաջացել, որ թույլ չտրվի այդ փոփոխությունների գործընթացը:

– Ո՞ր ուժերի հետ եք հնարավոր համարում մոբիլիզացնել ջանքերը:

– Հանրությունը պարտադիր պետք է մասնակցի, հանրությունն է այն ուժը, որը կարող է դեմն առնել, իսկ քաղաքական ուժերն ու անհատները պետք է ուղղակի օգտակար լինեն և փորձեն կազմակերպել: Բայց հանրությունն ինքը պետք է այս քայլը քաջ գիտակցի ու ոտքի կանգնի:

– Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվել է Ռոբերտ Քոչարյանը, սպասվում է հարցազրույցի հրապարակումն այդ մասին: Եթե նա արտահայտի որևէ կերպ իր աջակցությունը «ոչ»-ին, «Ժառանգության» դիրքորոշումը ո՞րն է, արդյոք համագործակցության եզր տեսնո՞ւմ եք:

– Ինքը սովորական անձ է, որն իրավունք ունի կարծիք արտահայտելու: ՀՀ-ում բոլորն իրավունք ունեն կարծիք արտահայտելու, ընդ որում՝ նաև այն անձինք, որոնք դատապարտվել են ծանր հանցանք կատարելու համար: Հետևաբար՝ իր կարծիքին է, ինքն իրավունք ունի կարծիք հրապարակելու: Եվ, նորից եմ ասում, իր կարծիքին այդ պահին կարող է համընկնել հանրության կարծիքին: Սակայն Ռ. Քոչարյանին ես չեմ հավատում, նա Սերժ Սարգսյանի գործընկերն է և նա է հենց Ս. Սարգսյանի մուտքն ապահովել ՀՀ քաղաքական դաշտ:

Տեսանյութեր

Լրահոս