Հայաստան մատակարարվող գազի գինը նվազեց 24 դոլարով, արձանագրությունը ստորագրվել է. Panorama.am
ՌԴ էներգետիկայի նախարարությունն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։
Ինտերֆաքս-ի հաղորդմամբ, փաստաթուղթը իրավաբանորեն Հայաստանին մատակարարվող 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից նվազեցնում է մինչև 165 դոլար:
Փաստաթուղթը նաև հիմնարար պայմաններ է սահմանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նորմալ գործունեության համար:
Կողմերը նաև պայմանավորվել են, որ գազի գնի նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» կարող է իր հաշվեկշռում պահպանել 2015-ի ողջ եկամուտը:
Նախարարներ Երվանդ Զախարյանը և Ալեքսանդր Նովակը նաև արձանագրություն են ստորագրել «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և ընկերության հետագա գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Արձանագրությամբ հայկական կողմը ստանձնել է Հայաստանի տարածքում «Գազպրոմ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվների արդյունավետ աշխատանքի պայմաններ ապահովելու պարտավորությունը՝ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման դեպքում:
Գազետա.ռու կայքը գրել էր, որ նավթի գնի նվազման հետևանքով սկսել է էժանանալ նաև ռուսական գազը, քանի որ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերի արժեքը կապված է նավթի գնանշումների հետ:
Փորձագետների գնահատականով, արդեն տարեվերջին գազի գինը կնվազի գրեթե 30 տոկոսով:
Ըստ` Panorama.am-ի