Մելիտա Հակոբյանն ահազանգում է. «Սուպերմարկետների դրամարկղերում սխալ հաշվարկներ են անում»
Հունվար ամսից սկսած՝ Սպառողների ազգային ասոցիացիան ունեցել է 2252 զանգ՝ կապված սուպերմակետների դրամարկղներում կատարված սխալ հաշվարկների հետ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով, որ իրենց կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ահազանգերն, իրոք, համապատասխանում են իրականությանը:
«Մենք ամբողջ տարվա ընթացքում ստացանք սուպերմարկետներից դժգոհություններ, որ այն մարկետները, որոնք դրամարկղներում ունեն հատուկ ապարատ, որով անց են կացնում գնված ապրանքները, սխալ հաշվարկներ են անում: Մենք էլ գնացինք ու ստուգեցինք՝ ձուն այնտեղ դրված է 900 դրամ, դրամարկղում անց կացնելիս գրվում է 950 դրամ: Ասացի՝ մենեջերին կանչեց, նա ասաց, որ «բա, գիտե՞ք, չեն հասցրել գինը փոխել: Տարբեր պատճառաբանություններ են բերում»,- նշեց Մ. Հակոբյանը:
Նա չնշեց՝ կոնկրետ որ սուպերմարկետներում է գործում այս մեխանիզմը, սակայն ասաց, որ բոլոր սուպերմարկետներում նույն վիճակն է. «Խնդրում եմ մեր բոլոր սպառողներին աչալուրջ լինեն: Իրենք թող մի քիչ նեղություն քաշեն, բայց գինը նայեն կամ թղթի վրա ֆիքսեն ու մոտենալուց՝ անպայման իրենց հաշվիչով հաշվեն, ինչպես ես արեցի»:
Հարցին՝ օրենքով պատիժ նախատեսվում է նման դեպքերի համար, Մ. Հակոբյանը պատասխանեց, որ, իհարկե, նախատեսվում է, քանի որ սպառողի իրավունքն է ոտնահարվում:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռ ոչ մի պատկան մարմնի չի ներկայացրել իրենց ստուգումները, բայց սեպտեմբերի 10-ից հետո ֆինանսների փոխնախարարին հայտնելու է այս դեպքի մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: