«ԼՂ հակամարտությունը և՛ հնարավորություն, և՛ ռիսկ է Ռուսաստանի համար». բրիտանացի փորձագետը` Լավրովի Բաքու կատարած այցի մասին

«Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ բացառելու համար նոր լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի նպատակին ու կարծիքներին, թե ՌԴ-ն փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձնել ռուսական վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Մոսկվան լիահույս է` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի։

«Արժևորում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի՝ Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարությամբ։ Հուսով եմ, որ ձեռք կբերվի առաջընթաց»,- ասել է Լավրովը։

Դենիս Սեմութն ասաց, որ Ռուսաստանի համար ԼՂ հակամարտությունը հետսովետական տարածքի իրականությունը կառավարելու մի մասնիկն է, այս տարածքում արտոնյալ դիրքերը պահպանելու շարունակական հավակնության մի մասը: Ըստ նրա` հակամարտությունը Ռուսաստանի համար և՛ հնարավորություն, և՛ ռիսկ է:

«Դա հնարավորություն է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանին տալիս է մեծ լծակներ: Սկզբում, Սովետական միության փլուզումից, Ղարաբաղում 1994թ. լուրջ մարտական գործողություններից հետո, Ռուսաստանը կորցրեց իր ազդեցության մեծ մասն Ադրբեջանում, որտեղ նա ընկալվում էր ոպես հայամետ ուժ: Այնուամենայնիվ, այդ ազդեցությունը վերանվաճելու գործընթացը բարդ ստացվեց, սակայն մասամբ հաջողվեց: Հայաստանն այսօր արգելափակված է Ռուսաստանի հետ ռազմական և տնտեսական գործընկերությամբ: Ռուսաստանի դիրքերն այստեղ անվտանգ են:

Այնուամենայնիվ, այս իրավիճակն իր ռիսկերը ևս ունի: Հակամարտությունը մնում է չկարգավորված, Հայաստանն ու Ադրբեջանը ժխտողական երկրներ են: Սա բարձրացնում է պատերազմի վերսկսման վտանգը: Իսկ Ռուսաստանն այս փուլում ամեն գնով ցանկանում է բացառել նոր հակամարտությունը: Հակամարտության կարգավորման նկատմամբ իր մոտեցումն, այնուամենայնիվ պայմանավորված է եղել տարածաշրջանում իր առաջնահերթություններով: Սա սահմանափակում է անկեղծ միջնորդի՝ ՌԴ իրավասությունը»,- նշեց Սեմութը:

Այնուամենայնիվ, ըստ նրա` այն, ինչը բոլորին է հայտնի, հետևյալն է` ՌԴ-ն ջանասիրաբար փորձում է Ադրբեջանին մոտեցնել իր ազդեցության գոտուն: « Այս այցն այդ կոնտեքստում պետք է դիտարկվի»,- ասաց նա:

Հարցին, թե ԼՂ հակամարտության համար ի՞նչ ռիսկեր է տեսնում Լավրովի այս այցից հետո, նա պատասխանեց, որ ռիսկերն այս այցի շուրջ չեն, այլ տարածաշրջանում Ռուսաստանի հեգեմոն մոտեցումների, ինչը շարունակում է անկայունության կայուն աղբյուր լինել ` միևնույն ժամանակ խոչընդոտելով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«ԼՂ հակամարտությունում պետք է առաջնայնություն տրվի այն մարդկանց հարցին, որոնք ուղիղ կերպով այս հակամարտության ազդեցության տակ են, ովքեր տառապել ու տառապում են հակամարտության պատճառով: Սա ներառում է ԼՂ-ում բնակվող մարդկանց և ԼՂ-ից տեղահանվածներին, ինչպես նաև այն համայնքներին, որոնք շփման գծի հարևանությամբ են տեղակայված: Ուստի, հակամարտության սառեցումը և որպես սառեցված հակամարտությու՝ն կառավարումը չի կարող ընդունելի մոտեցում լինել: ԼՂ հակամարտության կարգավորմանը թարմ մոտեցում է անհրաժեշտ, այնպիսի մոտեցում, որը կլինի ավելի թափանցիկ և որը մարդկային կյանքն ու արժանապատվությունը կդիտարկի որպես առանցքային հարց»,- ասաց Դենիս Սեմութը:

Տեսանյութեր

Լրահոս