Բաց դասեր՝ ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին:
Նախարարն ընդգծել է, որ ինքը ևս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաև Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով: Հանդիպման ավարտին անդադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, ինչպես նաև նոր նախագծեր իրականացնելու հնարավորությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն