«Ալժիրցի կանայք». ո՞վ ոգեշնչեց Պիկասոյին ստեղծելու աճուրդում երբևէ ամենաթանկ գնով (180 մլն դոլար) վաճառված կտավը
2015թ· մայիսին Նյու Յորքի Christie’s աճուրդում համաշխարհային ռեկորդ սահմանվեց: Մեկնարկային 100 մլն դոլարով աճուրդի հանված Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը (Les femmes d’Alger (Version «O») աճուրդն սկսվելուց ընդամենը 11 րոպե անց վաճառվեց 179,365,000 մլն դոլարով: Ներկայում այն համարվում է ամենաթանկ կտավն աշխարհում, որը վաճառվել է աճուրդում:
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Օ), 1955թ.
Ինչպե՞ս է ստեղծվել աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկ կտավը: Ինչպե՞ս է ստեղծվել հայտնի կտավը ու ո՞վ է ոգեշնչել նկարչին այն ստեղծել:
Էժեն Դելակրուա, «Ալժիրցի կանայք», 1834թ·
«Ալժիրցի կանայք» շարքը բաղկացած է 2 լիտոգրաֆիայից ու 15 գեղանկարչական կտավներից, որոնք ստեղծվել են 1954-1955թթ.: Կտավներից յուրաքանչյուրը նշված է լատինական այբուբենի տառերից մեկով՝ A-ից մինչև O: Աշխատանքների շարքը ոգեշնչվել է Էժեն Դելակրուայի նույնանուն կտավից (1834), որտեղ պատկերված են հարճերն արևելյան հարեմում:
Ճանապարհորդելով Հյուսիսային Աֆրիկայում՝ Դելակրուան հյուրընկալվել էր Ալժիրի սուլթանին: Այնտեղ նրան բախտ էր վիճակվել հարեմում տեսնել հարճերի, ինչը նրան ոգեշնչել էր ստեղծելու կտավը: Կտավը ոգեշնչել էր Մատիսին, Ռենուարին, Պիկասոյին ու Վրուբելին:
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ А), 1954թ.
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ В), 1954թ·
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Е), 1955թ·
Սակայն Էժեն Դելակրուայի կտավը միակը չէ, որ ոգեշնչել է Պիկասոյին: «Ալժիրցի կանայք» նկարների շարքի երկու կտավների համար նկարչի համար բնորդուհու կեցվածք է ընդունել նրա կինը՝ Ժակլին Ռոկը (Jacqueline Roque), ով զարմանալիորեն նման էր Դելակրուայի կտավի բաց բլուզով պատկերված կնոջը: Պիկասոն միշտ ընդգծում էր նրա նմանությունը հարեմի գեղեցկուհիների հետ ու հաճախ էր նրան պատկերում արևելյան զգեստներով:
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք», Լիտոգրաֆա *2*, 1955թ.
Երբ Պիկասոն առաջին անգամ հանդիպեց Ժակլին Ռոկին, աղջիկը 27 տարեկան էր, նկարիչը՝ 73: Նա աստվածացնում էր նկարչին ու չէր թաքցնում իր հիացմունքը: Ժակլինը Պիկասոյին անվանում էր «արև» ու «իմ տիրակալ»: 1961թ· մարտի 13-ին գրանցվեց 79-ամյա Պիկասոյի ու 34-ամյա Ժակլինի ամուսնությունը: Տոնակատարությունը համեստ էր, քանի որ նկարիչը ուզում էր խուսափել աղմուկից:
Իր հնազանդությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ Ժակլինը նկարչին հիշեցնում էր արևելյան գեղեցկուհիներին: Նրանց միությունը տևեց 20 տարի, ու 17 տարի նկարիչը նկարում էր միայն իր կնոջը: Ժակլինը դարձավ այն կինը, ում նա ամենից շատ նկարներ է նվիրել: Ժակլինը դարձավ նրա վերջին մուսան, վերջին սիրեցյալը, նրա տաղանդի ամենաֆանտաստիկ երկրպագուն: Նրանք ապրեցին միասին մինչև նկարչի մահը:
Պիկասոյի մահից 13 տարի անց Ժակլինը ինքնասպան եղավ այն ատրճանակով, որը նրան նվիրել էր անձամբ Պիկասոն:
Պիկասոն Ժակլինին սովորեցնում է ծխել գնչուական ձևով, 1957թ.: Լուսանկարը՝ Դևիդ Դուգլաս Դունկանի
Պիկասոն ու Ժակլին Ռոկը պարում են, 1957թ·: Լուսանկարը՝ Դևիդ Դուգլաս Դունկանի
Փորձագետների կարծիքով՝ «Ալժիրցի կանայք» շարքի 15-րդ վարկածը համարվում է Պիկասոյի ամենանշանակալի աշխատանքը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում:
Իսպանացի նկարչի տվյալ աշխատանքը գտնվել է Վիկտոր ու Սալլի Գանցի մասնավոր հավաքածուի մեջ, որը Պիկասոյից գնվել էր 1956 թվականին՝ 212,5 հազար դոլարով: Այն վաճառվեց 1977-ին՝ ամուսինների մահից հետո:
Եվ ահա, 2015 թվականին այդ աշխատանքը կրկին վաճառվեց՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը:
Ժակլին Ռոկը՝ ծղոտե գլխարկով, 1957թ·: Լուսանկարը՝ Ռենե Բուրիի
Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը