Բոլոր ուսանողների թվի մեջ հաշմանդամության խնդիր ունեցողները կազմում են ընդամենը 1%. Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր ասաց, որ անցել են ժամանակները, երբ պետք է վիճել ներառական կրթության անհրաժեշտության մասին, թեև շարունակվում են այդ վեճերը.

«Դա փաստ է, որի հետ պետք է համակերպվել և նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում: Ողջունելի է, որ քաղաքականությունն այնպիսին է, որ ներառական կրթությունն ընդունվում է որպես անհրաժեշտություն: Հայաստանում այժմ կա մոտ 140 ներառական դպրոց, բայց մեզ մտահոգում է` արդյո՞ք դրանք 100%-ով ներառական են, ֆիզիկական մատչելիություն կա՞ այդ դպրոցներում: Այստեղ մենք ունենք մտահոգվելու առիթ: Նախ՝ չկան թեքահարթակներ: Լավագույն դեպքում առաջին հարկով վերջանում է ամեն ինչ: Իսկ մնացած հարկե՞րը, դահլի՞ճը, սանհանգո՞ւյցը: Նման դեպքերում երեխան կարող է ստանալ լուրջ հոգեբանական հարված: Յուրաքանչյուր երեխայի առանձին մոտեցում է պետք ցուցաբերել»:

Բանախոսը նշեց, որ մտահոգիչ է նաև ներառական դպրոցների կարծրատիպային մոտեցումը, երբ դա ընդունում են որպես իրենց դպրոցը գովազդելու միջոց, բայց չգիտենˋ ի՞նչ է ներառականությունը: Նա կարևորեց նաև բարձրագույն կրթության հարցը.

«Այդ առումով պատկերը բավականին տխուր է: Բոլոր ուսանողների թվի մեջ հաշմանդամության խնդիր ունեցողները կազմում են ընդամենը 1 տոկոս»:

Նույն ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը հավելեց, որ, չստանալով համապատասխան կրթություն, հետագայում նրանք չեն կարողանում նաև աշխատանք գտնել, ինքնահաստատվել, ինտեգրվել հասարակությանը և ապրել նորմալ կյանքով.

«Աշխատավայրերը նույնպես հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, եթե հաշվի չառնենք մասնագիտական կրթության հարցը: Դպրոցը չի անում ստույգ կարիքների գնահատում, չգիտի՝ ով՝ ինչի կարիք ունի: Պարտադիր չէ, որ անվասայլակով երեխան դպրոցում սնունդ ստանա, թող այդ գումարը ներդնեն ավելի լուրջ կարիքների համար: Եթե մենք ուզում ենք ձևական լուծումներ չտալ, այլ իսկապես արդյունավետ լուծումներ տալ, ուրեմն պետք է ամբողջական մոտենանք խնդրին»:

Տեսանյութեր

Լրահոս