Ի՞նչ են քննարկել Հանրային խորհրդի անդամները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, հանդիպում է ունեցել նաև ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների՝ Վազգեն Մանուկյանի, Արմեն Տեր-Տաճատյանի, Գրիգոր Բադիրյանի, Արշակ Սադոյանի և Կարինե Դանիելյանի:
168.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով նախագահի հետ հանդիպման մանրամասները՝ Կ. Դանիելյանը պատմեց, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր դատական համակարգի, կառավարման հետ կապված, ինչպես նաև ԱԺ-նախագահ-վարչապետ հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր.
«Արշակ Սադոյանը տեսակետ հայտնեց, որ ինչքան հնարավոր է՝ պետք է սփյուքռը ներգրավել ՀՀ-ի տարբեր համակարգերում: Նաև խոսեցինք Հանրային խորհրդի կարգավիճակի մասին: Ես ներկայացրեցի իմ մտահոգությունները՝ կապված նրա հետ, որ մի քանի հոդվածներում՝ ներառյալ բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության հոդվածը, իջեցվել է պետության պատասխանատվությունը: Այսինքն՝ եթե առաջ ասվում էր՝ պետությունն ապահովում է, հիմա ասվում է՝ հանրային իշխանությունը խթանում է: Հանված է այն կետը, որն ասում էր, որ բնակիչները, ՀՀ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու մաքուր միջավայրում:
Քանի որ բավականին շատ քննակումներ էին եղել հանրության շրջանակներում, ես հենվել էի այդ քննարկումների վրա և ասացի, օրինակ, սեփականության իրավունքը հողի նկատմամբ նախորդ սահմանդրությունը սահմանափակում էր, ասում էր, որ եթե անձը ՀՀ քաղաքացի չէ, ուրեմն՝ նա իրավունք չունի հողի սեփականությանը՝ բացառությամբ այն կետերի որոնք օրենքով տրվում են: Նոր տարբերակում մեղմացված էր, բայց պարզվեց, որ արդեն բողոքներ եղել են և իրենք փոխել են և վերադարձրել են հին տարբերակին»,- պատմեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ էր ասում նախագահը Ձեր մտահոգությունների հետ կապված, փորձո՞ւմ էր Ձեզ հակառակում համոզել, Կ. Դանիելյանն այսպես պատասխանեց. «Իրենք համոզված են, որ իրենք Վենետիկի հանձնաժողովի հետ բավականին լավ աշխատել են և միջազգային փորձն են ուսումնասիրել, որ ոչ մի Աահմանադրության մեջ չկա, որ պետությունը ապահովում է այսինչ-այսինչ խնդիրները»:
Կ. Դանիելյանը նաև նշեց, որ Հանրային խորհրդի անդամներին առաջարկվել է հանձնաժողովի հետ ինչ-ինչ հարցերում առանձին աշխատել և գտնել ավելի ընդունելի տարբերակ:
Մեր այն հարցին, թե համաձայնվե՞լ են իրենք այդ առաջարկին, Կ. Դանիելյանը պատասխանեց, որ համաձայնվել են, որ կարելի է համատեղ լուծումներ գտնել:
Հարցին էլ՝ ինչպիսի՞ն է Հանրային խորհրդի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ և արդյոք դա արտահայտեցի՞ն հանդիպման ժամանակ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մինչ նախագահի հետ հանդիպելը իրենք քննարկել են, որ չեն կարող ունենալ ընդհանուր տեսակետ, որովեհտև դա կուսակություն չէ. «Այստեղ տարբեր հայացքների տեր մարդիկ են և մենք կարող ենք առանձին ոլորտների վերաբերյալ մեր տեսակետները հայտնել, բայց ընդհանուր կողմ կամ դեմ լինելը մեր ֆունկցիան չէ»:
Մեր այն հարցին էլ՝ ընդհանուր հանդիպումից ի՞նչ տպավորություն ունեք, Կ. Դանիելյանն այսպես պատասխանեց. «Նախագահը բավականին տեղյակ էր այն փոփոխություններին, որոնք կան, դրանց հիմնավորմանը, հանրության մոտեցումներին: Ժամանակը ցույց կտա, եղել են դեպքեր, որ մենք նախագահականում ինչ-որ առաջարկություններ արել ենք, առաջին փուլում չի ընդունվել, բայց հետո կամաց-կամաց այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվել են»: