«Ուկրաինայում Արևմուտքը լուծում է նաև Հայաստանի հարցը». Դևիդ Սեթեր
«Արևմուտքն այսօր Ուկրաինայում պայքարում է ողջ հետսովետական տարածքի համար»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը:
Նա նշեց, որ Ռուսաստանն արդեն շարժվում է տապալման ճաանապարհով, պարզապես այդ տապալման սցենարներն են դժվար կանխատեսելի: Ըստ նրա, Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությանը՝ հակամարտությունները ոչ թե կարգավորելուն, այլ դրանք պահպանելուն, Արևմուտքը պատասխանեց տնտեսական պատժամիջոցներով: «Ոմանք չեն հավատում, որ այս պատժամիջոցները կկանգնեցնեն Ռուսաստանին: Այո, դժվար է այսօր գնահատել ՌԴ-ի դեմ գործադրվող պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ քաղաքականության վրա, բայց այս արդյունքը մենք տեսնելու ենք, որովհետև ՌԴ-ի դեմ Արևմուտքը կարող է պայքարել միայն տնտեսական սահմանափակումների միջոցով: Չէ որ Արևմուտքը չի կարող անել այն, ինչ ցանկանա, Արևմուտքը սահմանափակված է ՌԴ-ի դեմ իր գործողություններով, այդ գործողությունների շարքում լավագույնը տնտեսական ճնշումներն են, որովհետև, ըստ էության, Ռուսաստանի համար ևս ուկրաինական պատերազմն իշխանության և գումարների համար է, իսկ Արևմուտքը այլ եղանակով ազդում է հենց գումարների կրճատման վրա: ՌԴ ներկայիս իշխանությունները, այսինքն Պուտինի ռեժիմը, երբ հասկանա, թե ինչ գումարներ է կորցնում, ստիպված է լինելու կանգ առնել: Դա նման իշխանության կանխատեսելի քայլը կլինի:
ՌԴ իշխանությունները ցանկացան վերացնել ուկրաինական ուղու այլընտրանքը նույն ռուսաստանցիների համար, նրանք ցանկացան հեղինակազրկել Ուկրաինային ռուսների աչքերում, որպեսզի ռուսները չցանկանան ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով, ինչը կզրկեր ներկայիս իշխանությանը գումարներից և իշխանությունից: Խնդիրը շատ պարզ է, դրա դեմ ևս պետք է պայքարել պարզ միջոցներով»,- ասաց Դևիդ Սեթթերը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անեն Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք ևս ունեն հակամարտություններ, հեշտ կառավարելի են Ռուսաստանի կողմից, որպեսզի կարողանան հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել և չվճարել այն գինն, ինչ Ուկրաինան, վերլուծաբանը պատասխանեց, որ այս երկրների ճակատագիրը և այն, թե ինչպես նրանք պետք է գործեն, կախված է Արևմուտքից: Բրիտանացի վերլուծաբանի համոզմամբ, Արևմուտքն Ուկրաինայում պայքարում է ողջ հետսովետական տարածքի համար և Ուկրաինայում կլուծվի այս ողջ տարածաշրջանի հարցը: