«Հայաստանին ձեռնտու տարածաշրջանային վերադասավորումներ կլինեն, եթե…». Արկադի Դուբնով

«Առաջիկայում Հարավային Կովկասում լուրջ վերադասավորումներ են սպասվում»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հայ լրագրողների հետ առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Արկաի Դուբնովը` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ-Արևմուտք առճակատմանը:

Նա չի կարծում, թե մոտ ապագայում Ռուսաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Նրա որակմամբ` «ճարպոտ» տարիները ետևում են, առջևում «նիհարներն» են: «Ստիպված կլինենք ձգել գոտիները և նոր մասշտաբային պրոյեկտների երևի թե չսպասել: Միակ բանը, որը հնարավոր է` դա որոշակի փոփոխություններն են՝ պայմանավորված անխուսափելիորեն ընդլայնվող Իրանի դերակատարության հետ պատժամիջոցների վերացումից հետո»,- ասաց վերլուծաբանը:

Նա մեծ հեռանկարներ չի տեսնում նաև Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության համար հատկապես Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին: Թեև, նրա կարծիքով, միությունը «ողջ կմնա, չէ՞ որ ԱՊՀ-ն չմահացավ»:

«Գիտե՞ք՝ ինչու, որովհետև նրանից քիչ բան է կախված: Հիշո՞ւմ եք անորսալի Ջոյի մասին անեկդոտը»,- հեգնեց Դուբնովը: Վերջինիս կարծիքով, արդեն իսկ այս տարվա տվյալները կարող են հիմնավորել պնդումներն այն մասին, որ կառույցը չաշխատող է: Մյուս կողմից, նրա խոսքով, պետք է հիշել, որ ԵՏՄ-ն սկսել է գործել ընդամենը 8 ամիս ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների, նավթի գների անկման և այլ բացասական գործոնների պայմաններում:

Ավելին, ըստ նրա, ԵՏՄ անդամ երկրները չեն կարող ստեղծել մի այնպիսի կարող տնտեսական համակարգ, որը ԵՏՄ երկրներին կպաշտպանի արտաքին բացասական գործոններից և անկայունություններից: Նրա համոզմամբ` դրան հնարավոր չէ հասնել նույնիսկ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծման պայմաններում: «Չեն կարող ոչ այն պատճառով, որ ԵՏՄ-ն թույլ և անշրջելի է: ԵՏՄ անդամ երկրներն այսպես, թե այնպես հանդիսանում են համաշխարհային տնտեսության մի մասնիկը և չեն կարող ամբողջությամբ մեկուսանալ կատակլիզմներից և դրա տատանումներից:

Դրանից խուսափելու համար բոլորին պետք կլինի վերադառնալ դեպի Սովետական միություն իր պլանային տնտեսությամբ, դոլարի փոխարժեքով, անփոփոխ` հավասար 62 կոպեկի և հազվադեպ մի քանի գլանակ զուգարանի թուղթ ստանալու երջանկությամբ: Հիշեք, թե ինչ պատահեց ԽՍՀՄ-ի հետ, երբ 1980-ական թթ. սկսեցին նավթի գներն անկում ապրել… Ո՛չ, այստեղ անհրաժեշտ է ավտարկիա` աշխարհից ամբողջական մեկուսացում: Ավելի հուսալի կլինի կառուցել համակարգ, ինչպիսին Հյուսիսային Կորեայում է, այնտեղ միայն չինացիներից պետք է կախվածության մեջ լինես»,- պնդեց Արկադի Դուբնովը:

Հարցին, թե ԵՏՄ անդամ երկրները բացարձակ խոցելի՞ են ՌԴ տնտեսական ազդեցության առջև, թե՞ ունեն «անվտանգության բարձիկներ», նա պատասխանեց, թե բացարձակ խոցելիություն գոյություն չունի: Նրա խոսքով` յուրաքանչյուր երկիր ունի իր «անվտանգության բարձիկները»:

«Ղազախստանն ունի իր սեփական բնական ռեսուրսները` «ճարպոտ» տարիների ընթացքում ձևավորված Ազգային ֆոնդը: Ղրղզստանը ԵՏՄ անդամակցությունից հետո դեռ ամբողջությամբ չի կորցրել ՉԻնաստանի հետ առևտրի արտոնությունները, Հայաստանն, ի վերջո, հսյակական Սփյուռք ունի, որը երբեք երկիրը դժբախտության մեջ չի թողել և տնտեսական մեկուսացման մեջ ապրելու բազմամյա փորձ»,- ասաց փորձագետը:

Մեկ այլ հարցի, թե որքանո՞վ էր հիմնավորված Ղազախստանի ազգային արժույթի դեվալվացիան և թե այն ինչպե՞ս կանդրադառնա երկրի և ԵՏՄ տնտեսության վրա, նա արձագանքեց՝ ասելով, որ լողացող փոխարժեքի ներմուծումը բացարձակապես արդարացված միջոց է: Ավելին, նրա համոզմամբ, միակ թերությունը այս որոշման ուշացումն էր: Դուբնովի կարծիքով` նման իրավիճակներում սոցիալական շոկից խուսափել չի հաջողվել ոչ մի երկրի, բայց միջնաժամկետ հեռանկարում սա կօգնի տնտեսությանն առողջանալ, եթե զուգահեռաբար իրականացվեն նաև կառուցվածքային բարեփոխումներ: Սակայն, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է քաղաքական և էլիտաների կոնսոլիդացիա: Արկադի Դուբնովը նաև նշեց, թե իրեն հայտնի չէ` ինչ ճակատագիր է սպասվում ռուբլիի փոխարժեքին:

Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` նա ասաց, որ այն արհեստական և ստիպված քայլ էր: Սակայն, ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանը կարող է լինել ԵՏՄ անդամ և Արևմուտքի հետ պահպանել լավ հարաբերություններ: «Չէ՞ որ ԵՏՄ-ն իր ուռճացվածության հետ մեկտեղ դեռևս չի դարձել «ժողովուրդների բանտ»: Այլ հարց է, որ այդ միությանն անդամակցությամբ Հայաստանի մանևրելու ազատությունը պակասեց ասշխարհաքաղաքական տեսանկյունից: Բայց, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն իր անվտանգության ապահովումն է, ապա ստիպված ենք հիշել մարքսիստ դասականին` անկախությունը` գիտակցված անհրաժեշտությունն է»,- ասաց Դուբնովը:

Անդրադառնալով հետսովետական տարածքում առկա հակամարտություններին, գլխավորապես ԼՂ հակամարտությանն` Արկադի Դուբնովն ասաց, որ հետսովետական տարածքում պատերազմ ամենայն հավանականությամբ չի լինի, սակայն ռազմական բնույթի տհաճ տարբեր մակարդակի ինտենսիվությունն անխուսափելի է:

«Իրավիճակը, ենթադրում եմ, որ փոխվելու է դրական ուղղությամբ տարածաշրջանում Իրանի ակտիվության բարձրացման շնորհիվ պատժամիջոցների վերացումից հետո»,- ասաց Դուբնովը` շարունակելով, որ առաջիկայում ՌԴ-ի և ՀՀ-ի նախագահների հանդիպումից ոչինչ չի ակնկալում ԼՂ հակամարտության շուրջ: «Մի՞թե առաջընթացներ ինչ որ մեկին այսօր պետք են: Նկատի ունեմ քաղաքական գործիչներին»,- ակնարկեց նա:

Արկադի Դուբնովն ասաց, որ առջևում տարածաշրջանում լուրջ վերադասավորումների փուլն է: Ռուսաստանցի վերլուծաբանը կարծում է, որ տարածաշրջանում ուժերի դասավորության զգալի տեղաշարժեր կլինեն, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանին, եթե անձամբ հայերը շատ չտաքանան՝ հրելով գործընկերների ձեռքը:

Հարցին, թե այս ամենին ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, նա պատասխանեց, որ Մոսկվայի անունից ոչինչ ասել չի կարող: «Այստեղ պետք է հստակ ձևակերպվեն իր շահերը, կհստականան դրանք Վաշինգտոնի հետ՝ նորից «զրոյական հաշվով խաղ» սկսելու ձգտմա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն գործընկերների շահերը»,- ակնարկեց Դուբնովը:

 

Տեսանյութեր

Լրահոս