Բաժիններ՝

Կան արտոնյալ ընկերություններ, որոնք հիմնականում իրականացնում են պետական պատվերները

Մեր զրուցակիցն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

– Պարոն Չոբանյան, վերջին տարիներին պետական գնումների համակարգում ի՞նչ փոփոխություններ են կատարվել, կա՞ դրական տեղաշարժ:

– Իրականում մենք էական փոփոխություն չենք տեսնում վերջին տարիների պետական գնումների համակարգում առկա իրավիճակում: Ես հիշում եմ, որ մեր վերջին խոշոր նախաձեռնությունը 2012-ին էր, երբ առկա իրավիճակի բավականին լուրջ գնահատում կատարեցինք և դրա հիման վրա առաջարկություններ ներկայացրեցինք կառավարությանը, մասնավորապես՝ Ֆինանսների նախարարությանը, քանի որ այդ կառույցն է պատասխանատու այդ ոլորտի համար, և այս 3 տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց մեր առաջարկությունների մասով չի արձանագրվել:

Մեր հետաքրքրությունը մի քանի առումով է այս ոլորտի նկատմամբ. առաջինը՝ այսօր պետությունը համարվում է ամենախոշոր պատվիրատուն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ըստ այդմ՝ նաև մեր ընկերությունների, որովհետև բավականին քանակությամբ գնումներ իրականացվում են օտարերկրյա ընկերությունների միջոցով: Երկրորդ՝ այս վիճակագրությունը պետք է փոխվի հօգուտ հայաստանյան ընկերությունների, որովհետև հայաստանյան ընկերությունները պետական տարբեր ծրագրերի իրականացման բավականին փորձառություններ ունեն ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս:

Երրորդ՝ այսօր գնումների համակարգի բարեփոխման կարևորագույն գործիքներն են համարվում էլեկտրոնային գնման գործիքները կամ էլեկտրոնային գնումների համակարգերը, որոնք առանձին դիտարկվում են՝ որպես ՏՏ պատվեր կամ ՏՏ գործիք, և դա իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Ցավոք սրտի, այստեղ ևս վերջին տարիներին հիմնական մասնակիցները եղել են օտարերկրյա ընկերությունները և, մեր ունեցած տեղեկություններով, բավականին մեծ ռիսկեր կան այս համակարգում հենց այն պատճառով, որ այդ ընկերություններն են տիրապետում այդ ծրագրային կոդերին, և այլն: Այսօր այնտեղ լուրջ փոփոխությունների կարիք կա, որը շատ դժվարությամբ է իրականացվում:

Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում դեռևս 2012 թ. ավարտին առաջ ենք քաշել տարբեր ուղղություններով 1 տասնյակից ավելի հիմնախնդիրներ և դրանց լուծումների առաջարկություններ: Ընդ որում, այս գործընթացի հաջողությունն այն է, որ այն իրականացվել է տարբեր մասնակիցների ներգրավմամբ՝ և´ Ֆիննախարարության, և´ միջազգային կառույցների, որովհետև այստեղ ինչ-որ նոր հեծանիվ հայտնաբերելու կարիք չկա, բոլոր լուծումներն այս ոլորտում որոշակի առաջընթաց ապահոված երկրներում կան, մասնավորապես՝ ներկայացվել է եվրոպական փորձը, որտեղ գերմանականը համարվում է լավագույններից մեկը:

Խնդիրները բազմաբնույթ էին, օրինակ՝ առանձին չափաբաժիններով գնումներ իրականացնելը, կամ առաջարկների որակական գնահատման խնդիրը, մրցույթների նախնական հրապարակման հարցը, որովհետև մենք գիտենք, որ պետգնումների որևէ գործընթաց սկսելուց առաջ բավականին երկար ժամանակ գնում է բյուջետային գործընթաց, և նախնական հրապարակման մեխանիզմի առկայությունն էապես կօգնի մեր ընկերություններին, որ նախապես իմանան պետության ծրագրերի մասին, դիրքավորվեն ու պատրաստ լինեն նման մրցույթների մասնակցելու: Շատ դեպքերում սահմանված ժամկետը շատ կարճ է լինում, կապում են ֆինանսավորման հնարավորությունների հետ, և նույնիսկ հաճախ ներքին համաձայնությամբ պատվիրատուի հետ շատ կարճ ժամկետում ձևակերպվում է խնդիրը, բայց շատ ավելի երկար ժամանակում իրականացվում է, և այլն:

Էլեկտրոնային գնումների համակարգի գործառույթը կրիտիկական, շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև կարծում ենք, որ այս համակարգի լիակատար աշխատանքն էապես կբարձրացնի գործընթացի և´ որակը, և´ մրցակցայնությունը, և´ թափանցիկությունը: Մենք գտնում ենք, որ, օրինակ, բողոքարկման գործընթացում շատ կարևոր է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնակցությունը, որովհետև այս պահին ամբողջ գործընթացը՝ կազմակերպումից սկսած մինչև վերահսկողությունը, կենտրոնացված է մեկ գերատեսչության ներքո, որը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Շատ կարևոր է պետական գնումների իրականացման ժամանակ տեխնիկական առաջադրանքների որակի ապահովումը, որովհետև շատ դեպքերում դրանք այնքան երկար են տևում, որ իրականացվում են արդեն հնացած տեխնոլոգիական լուծումներ, կամ ուղղակի գերատեսչությունները չեն ունենում համապատասխան մասնագետներ՝ բարձրորակ տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար, և այլն:

– Պարոն Չոբանյան, միության առաջարկներից ո՞րն է ընդունվել Կառավարության կողմից:

– Այս պահի դրությամբ որևէ փոփոխության վերաբերյալ որևէ հաստատում չենք ստացել, և ոչ էլ կիրառման ընթացքին ենք տեղյակ, որ մեր առաջարկների հիման վրա որևէ լուծում է տրվել: Կան որոշակի մասնակի գործընթացներ և արտոնագրումներ, մասնակի հաջողություններ, մասնավորապես՝ կա որոշակի զարգացում էլեկտրոնային գնումների համակարգի առումով, բայց դա էլ դեռևս ամբողջությամբ չի գործում:

– Իշխանությունները շատ էին խոսում պետգնումների համակարգը բարելավելու մասին, առաջարկների չընդունելն ու բիզնեսի ձայնը չլսելն ինչո՞վ եք պայմանավորում:

– Ես կարծում եմ, որ այլընտրանք չկա, այսինքն, այս փոփոխությունները պետք է կատարվեն: Մեզ համար սկզբունքայինն այն է, որ մեր ընկերությունները առավելագույն հնարավորություն ունենան պետական գնումների գործընթացներին մասնակցելու, դա մոնոպոլիզացված չլինի, որևէ ընկերություն ավելի արտոնյալ պայմաններ չունենա այս առումով և հնարավորինս քիչ աշխատի սուբյեկտիվիզմը գերատեսչություների կողմից ընկերությունների և գործընկերների ընտրության հարցում: Առ այսօր, ցավոք սրտի, այստեղ կան մեծ խնդիրներ, և կան արտոնյալ ընկերություններ, որոնք հիմնականում իրականացնում են պետական պատվերները:

Երկրորդ՝այստեղ որոշակի առումով խանգարում են այն պայմանները, որոնք առաջադրվում են մրցույթների ժամանակ, որոնք կամ գրվում են ինչ-որ ընկերություններին համապատասխան, որպեսզի իրենք հայտնվեն մրցակցային առավել լավ պայմաններում, կամ ուղղակի մրցույթները գրվում են այնպես, որ տեղական ընկերությունները հնարավորություն չեն ունենում մասնակցելու դրանց՝ առանց արտասահմանյան գործընկերոջ մասնակցության, այն դեպքում, երբ արտասահմանյան գործընկերները որևէ միջամտություն որևէ համակարգի մշակման գործում չեն էլ ունենում: Ես կարծում եմ, որ սա փոխկապակցված պրոցես է այն մասնակիցների, որոնց կողմից ֆինանսավորվում են պետական գնումները, որովհետև դա միայն պետական միջոցներով չի իրականացվում, այլ նաև՝ ՀԲ, ԵՄ, USAID և այլ դոնոր կազմակերպությունների, որոնց միջոցով իրականացվում են տարբեր գնումների ծրագրեր պետական կարիքների համար, և այստեղ ուղղակի կոնսոլիդացիայի ապահովման համար որոշակի սկզբունքայնություն ցուցաբերելու համար պետք է բավականին հետևողական ու առողջ աշխատանք, որը բացակայում է, կամ էլ բացակայում է դրա կամքը:

– Հաճախ պետական կառույցները գնում են իրականացնում առանց մրցույթների՝ մեկ անձից, և անգամ այն դեպքերում, երբ ժամկետների սղության հարց չկա և կարելի է մրցույթ հայտարարել, դա չի արվում: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Դա միանշանակ ես գնահատում եմ՝ որպես հատուկ կողմնորոշում, որպեսզի որևէ ընկերություն գտնի որևէ կապալառու կազմակերպություն, այսինքն՝ իմ նշած արտոնյալ ընկերությունները, որովհետև ուրիշ պատճառ չի կարող լինել, առավել ևս, եթե չկան ժամկետների և այլնի հետ կապված խնդիրներ: Այս ձևով իրականացված գնումները 99%-ով պետք է համարել ռիսկային գնումներ, և համապատասխան մարմիները, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ն, պետք է զբաղվեն դրանցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս