Առնոլդ Շվարցնեգերի կյանքի կանոնները
Այստեղ՝ Ամերիկայում, ամեն ինչ փողի վրա է հիմնված: Շնորհակալություն, տեր Աստված. դա ինձ միշտ օգնել է:
Երբեմն երեխաները մոտենում ու հարցնում են ինձ. «Էյ, Առնի, դու աստվա՞ծ ես»: Սովորաբար ես ծիծաղելով պատասխանում եմ. «Վատ փորձ չէր, բայց նրան այլ տեղում փնտրեք»:
Երբ ապրում էի Մյունհենում, գիշերային կյանք էի վարում: Ամբողջ ժամանակս անցկացնում էի նրանց հետ, ովքեր արթնանում էին կեսգիշերին՝ մարմնավաճառների ու բարերի տերերի: Իմ ընկերուհին մերկապարուհի էր: Ընդհանուր առմամբ՝ անմեղ գյուղացի տղա էի, բայց Մյունհենում արագ մեծացա:
Մարդկանց միշտ հարկավոր է մեկը, ով հոգ կտանի իրենց մասին: Մարդկության 95 տոկոսը սպասում է, որ ինչ-որ մեկն իրենց ասի՝ ի՞նչ անել ու ինչպե՞ս պահել իրենց:
Հաղթանակն ուժ չի տալիս: Ուժ տալիս է պայքարը: Եթե դու պայքարում ու չես հանձնվում, դա հենց ուժն է:
Ապրել, նշանակում է՝ միշտ քաղցած մնալ: Կյանքի իմաստը գոյատևելու ու ողջ մնալու մեջ չէ, այլ՝ առաջ շարժվելու, բարձրանալու ու տիրելու:
Ինձ դուր է գալիս կարմիր գույնը, որովհետև այն կրակի գույնն է: Իսկ ինձ միշտ թվում է, թե կրակի մեջ եմ ապրում:
Իմ յուրաքանչյուր ֆիլմում կա մի բան, որին սիրահարված եմ՝ զենքը:
Դուք կարող եք գոռալ ինձ վրա, քարշ տալ նկարահանման հրապարակ կեսգիշերին, ստիպել ինձ ժամերով սպասել, կարող եք անել այն, ինչ ուզեք, քանի դեռ էկրանի վրա արդյունքն իդեալական է:
Փողը չի երջանկացնում քեզ: Հիմա ես ունեմ 50 միլիոն դոլար, բայց ես այնքան երջանիկ եմ, որքան 48 միլիոն դոլար ունենալու ժամանակ:
Քաղաքական քաջությունը նույնը չէ, ինչ քաղաքական ինքնասպանությունը:
Երբ տղամարդն սկսում է մտածել իր թուլության և հասարակության մեջ իր դերի մասին, նա միանգամից սկսում է անհանգստանալ այն մասին, որ իշխանությունը մոլորակի վրա անցել է կանանց ձեռքը:
Աշխարհը փոխվել է: Այսօր, երբ ճամփորդում ես հեռավոր երկրներում, կարիք չունես գլուխ կոտրելով վազելու և մարզասրահ որոնելու, ինչպես նախկինում: Հիմա, երբ հարցնում ես մարզասրահի մասին, քեզ պատասխանում են՝ մեր հյուրանոցում դրանից մի քանի հատ կա:
Ես հավատում եմ Աստծուն: Հետևաբար՝ ես հավատում եմ նրան հակադիր ուժին՝ սատանային: Ինձ թվում է՝ մենք պետք է հավատանք չարի և բարու գոյությանը, որովհետև մեր մեջ կա և՛ մեկը, և՛ մյուսը:
Ես երբեք չեմ փորձվել սատանայից: Եվ չկա այնպիսի բան, որ նա կարողանա ինձ առաջարկել: Երկար եմ մտածել այդ մասին. այն, ինչ նա կարող է տալ, միայն ժամանակավոր հաճույքներ են: Սատանայի հետ միշտ այդպես է:
Երբ ես պատանի էի, ընդհանրապես հավատ չունեի: Մայրս ամեն կիրակի ինձ քարշ էր տալիս եկեղեցի, իսկ եթե հակառակվում էի, մի լավ ապտակ էի ստանում: Հետո, երբ մեծացա և ոտքի կանգնելու շանս ունեցա (այդ ժամանակ ես 18 կամ 19 տարեկան էի), սկսեցի ճախրել ամպերում: Ես դարձել էի բոդիբիլդինգի չեմպիոն և չէի իջնում երկնքից: Այդ ժամանակ դադարեցի եկեղեցի գնալ: Դա ինձ աբսուրդ էր թվում: Իսկ հետո, երբ մեծանում ես, և հատկապես, երբ երեխաներ ես ունենում, հավատն աստիճանաբար վերադառնում է: Այլևս հարկավոր չէ ինչ-որ մեկը, որ քեզ ինչ-որ բան հիշեցնի: Դու ինքդ ես վերադառնում նրան, ինչից սկսել ես: Հիշում ես՝ ինչ են քեզ սովորեցրել ծնողներդ, և նույնը սովորեցնում ես երեխաներիդ: Մտածում ես՝ հիմա դա իմաստ ունի: Հետո, իհարկե, երեխաներդ նույնպես ոտքի կկանգնեն, հետո նորից հավատին կվերադառնան: Դա շրջան է, այլ կերպ լինել չի կարող:
Չնայած մինչև հիմա մի փոքր բարբառով եմ խոսում, կարողացել եմ հասնել ամեն ինչի:
Գիտե՞ք, ես շատ եմ նկարում: Երբեմն նկարում եմ կովերի: Նրանց ներկում եմ տարբեր գույներով: Չէ՞ որ, եթե նրանց ներկեմ իրենց իրական գույներով, ապա դա ձանձրալի կլինի:
Պատրաստեց 168.am-ը