«Ռուսաստանը ստիպված է միջոցներ չներդնել ԵՏՄ զարգացման վրա». ռուսաստանցի վերլուծաբան
«Աշնանը ՌԴ տնտեսությունը բացասական նոր փուլ կթևակոխի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Ռազմավարական վերլուծության «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատվության» ինստիտուտի ղեկավար, տնտեսական վերլուծաբան, «Էխո Մոսկվի», «Գազետա» կայքերի սյունակագիր Իգոր Նիկոլաևը` ներկայացնելով ՌԴ-ում այսօր տիրող տնտեսական իրավիճակն ու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հեռանկարները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը նշել էր, որ Ռուսաստանի արժութային պահուստների ծավալը թույլ չի տալիս պահել ռուբլու փոխարժեքը: Բելոուսովը նշել է, որ ԿԲ պահուստների ծավալն առանց ոսկու կազմում է 300 միլիարդ դոլար, որից 120 միլիարդ դոլարը կառավարության պահուստներն են՝ Պահուստային հիմնադրամը և Ազգային բարեկեցության հիմնադրամը: Մնացած պահուստները կբավականացնեն 9 ամսվա ապրանքային ներմուծման համար, ինչը նվազագույն շեմն է:
Նա նշեց, որ օգոստոսը Ռուսաստանում արժութային ճգնաժամի չհանգեցրեց, ինչպես և ակնկալում էր: Իրավիճակը, նրա բնորոշմամբ, նման է 2008թ. օգոստոսին, քանի որ նավթի գներն ընկել են, ռուբլին անկայուն է, իսկ ամենավատը` աշունն, առջևում է: «Աշնանն իշխանությունները ստիպված կլինեն խոստովանել, որ իրենց տված տնտեսական խոստումները չեն իրականացնելու, ուստի կկարողանան արժեզրկել ռուբլին: Աշնանը կթանկանա նաև դոլարը, որն ավտոմատ կերպով կարժեզրկի ռուբլին: Աշխարհաքաղաքական իրավիճակը ևս միտված է սրման, ինչը նշանակում է, որ ՌԴ տնտեսական վիճակը ևս վատ կլինի: Այս ամենի արդյունքում՝ կանխատեսել նաև, որ նավթի գները ևս մեկ անգամ չեն ընկնի, անիմաստ կլիներ»,- ասաց վերլուծաբանը`ասելով, որ ՌԴ-ին սպասվում է 2008թ. աշունը:
Նիկոլաևի հավաստմամբ` քաղաքական հիմք ունեցող տնտեսական անկումային իրավիճակն ինչ-որ տեղ պայմանավորված է նաև ՌԴ ներկայիս իշխանությունների տնտեսական սխալ քաղաքականությամբ: «Սխալ քաղաքականություն ասելով՝ նկատի ունեմ այն ամենը, ինչ վերաբերում է բյուջետային պարտավորություններին: Ռուսաստանն ունի նաև սոցիալական պարտավորություններ, որոնք, անկախ իր ունեցած տնտեսական խնդիրներից, պետք է կատարի: Գուցե միջոցները դրանք ամբողջությամբ կատարելու համար չբավականացնեն, սակայն դա, սոցիալական լարվածությունը բացառելու նպատակով, ըստ իս, ՌԴ իշխանությունները կանեն ամեն գնով»:
«Երկրի ֆինանսատնտեսական իրավիճակը կայունացնելու համար ՌԴ իշխանություններն անցյալ տարվանից ստիպված են լուրջ տնտեսումներ իրականացնել: Թեև բարձր է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության քաղաքական նշանակությունը Ռուսաստանի համար, այդ պրոյեկտի վրա մեծ միջոցներ չեն կարող ներդրվել, որի հետևանքով այն կորցնում է իր գրավչությունը ԵՏՄ մյուս անդամ երկրների համար՝ այդպիսով կորցնելով իր գրավչությունը նաև այն երկրների համար, որոնք կցանկանային միանալ միությանը, եթե ՌԴ տնտեսական վիճակը լավ լիներ»,- ասաց Իգոր Նիկոլաևը` շարունակելով, որ այդ միությունը չի ունենում ՌԴ-ի համար նույնիսկ քաղաքական նշանակություն, քանի որ չի բավարարում ԵՏՄ անդամ երկրների հավակնությունները: Այնպես որ, տնտեսական վերլուծաբանի խոսքով՝ լուրջ փոփոխություններ, լուրջ օգուտներ առաջիկա տարվա ընթացքում ԵՏՄ-ից անիմաստ է սպասել: Հատկապես, Նիկոլաևի խոսքով՝ Հայաստանի դեպքում պետք է հստակ աշխատեն տնտեսության դիվերսիֆիկացման մեխանիզմները: