Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման պարագայում արյան ծովեր են հոսելու. ադրբեջանագետ
«Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման պարագայում արյան ծովեր են հոսելու, բայց ալիևյան ռեժիմը նաև լավ գիտակցում է, որ եթե վերսկսի այդ պատերազմը, ապա այդ արյան ծովում ինքն էլ կխորտակվի: Կարելի է ասել, որ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում ֆաշիստական Ադրբեջանի նացիստական ղեկավարությունը որոշում ընդունեց լարել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին՝ դրանով իսկ չարաշահելով հայկական կողմի համբերությունը և մարտահրավեր նետելով հայկական կողմին ու միջազգային հանրությանը: Ալիևյան ռեժիմը դրանում տեսնում է իր փրկության միակ օղակը»,- նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Ըստ նրա՝ պատերազմն առայժմ կրում է դիրքային պատերազմի բնույթ. «Ադրբեջանը վերջին շրջանում անգամ ականանետներից է ռմբակոծում հայկական կողմին: Շատ սխալվում են այն փորձագետները, որոնք ասում են, թե Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, դրա համար պատերազմ չի լինելու: Պետք է հույսը մեր պատրաստվածության վրա դնենք. միայն այդ պարագայում հավանականություն կա, որ լայնածավալ պատերազմ չի սկսվի: Հայկական կողմը չի սկսի պատերազմը, բայց, ցավոք սրտի, պատերազմի լինել-չլինելու բանալիները գտնվում են ոչ թե Ամերիկայում Ռուսաստանում կամ Երևանում, այլ՝ Բաքվում»: