Բաժիններ՝

Ինչպիսին պետք է լինի գործարար տղամարդու հագուստը

Վերնազգեստը գույնով և կտորի բաղադրությամբ պետք է համապատասխան լինի կոստյումին, որպեսզի երբ տղամարդը հանում է վերարկուն, աններդաշնակություն չլինի: Վերարկուն կարող են նորաձևությանը համապատասխան լինել, սակայն դրանք չպետք է լինեն խիստ ընդգծված նորաձև: Նախընտրելի են դասական վերարկուները՝ մոխրագույն, սև կամ կապույտ:

Գլխարկը պետք է համապատասխանի նորաձևությանը, սակայն չափավոր: Գործարար մարդու համար անթույլատրելի է բերետը:

Շարֆը հագուստի այն տարրն է, որը կարող է վառ լինել (ճերմակ, կարմիր), սակայն այն պետք է ներդաշնակ լինի ամբողջ հագուստի՝ կոստյումի, վերարկուի հետ: Այն կարող է նաև համեստ, աչքի չընկնող գույներով լինել: Հովանոցը պետք է միայն սև լինի:

Պայուսակը, դրամապանակը, քեյսը, ակնոցի տուփը և այլ աքսեսուարներ պետք է բնական կաշվից լինեն, սակայն ոչ կոկորդիլոսի կամ օձի: Ինչ վերաբերում է զարդերին, ապա գործնական հագուստի մեջ պետք է լինի մի թանկարժեք մատանի, այն կարող է լինել թանկարժեք քարով, սակայն քարի գույնը պիտի լինի մոխրագույն, սև, անգույն (ադամանդ): Եթե թանկարժեք մատանի գնելու հնարավորություն չունեք, ավելի լավ է մատանի չդնել ընդհանրապես: Նկատենք, որ ամուսնական մատանին զարդ չի համարվում, դա ընտանեկան դրության խորհրդանիշն է:

Կարդացեք նաև

Ճարմանդները և փողկապի քորոցը զարդ չեն համարվում, սակայն եթե դրանք գեղեցիկ են, միաժամանակ կարող են իբրև զարդ ծառայել: Դրանք չպետք է շատ խոշոր լինեն, անթույլատրելի են պլաստմասսայե կամ կեղծ քարերով քորոցներն ու ճարմանդները: Դրանք պետք է լինեն բնական նյութերից՝ ոսկի, արծաթ, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր:

Օծանելիքն ու հարդարանքի պարագաները պետք է նույն «սերիայից» լինեն: Օծանելիքի բույրը շատ թույլ պետք է լինի, այստեղ կարևոր է չափի զգացումը:

Գործարար տղամարդու սանրվածքը պետք է նորաձև լինի, սակայն ծայրահեղության չհասնի: Բացարձակապես անթույլատրելի է ականջին օղ կրելը: Ժամանակակից էթիկետը բացասական է վերաբերվում նաև բեղերին և մորուքին:

Գործնական ընդունելությունների ժամանակ հագուստը ևս պետք է պահպանողական լինի: Մինչևերեկոյան 7-ը տեղի ունեցող ընդունելությունների ժամանակ (նախաճաշ, կոկտեյլ և այլն) խորհուրդ է տրվում միատոն, ոչ վառ գույնի կոստյում: Երեկոյան ընդունելությունների ժամանակ ընդունված է մուգ, օրինակ՝ սև գույնի կոստյում: Ավելի տոնական է համարվում սմոքինգը. սովորաբար հրավիրատոմսի մեջ այդ մասին հատուկ նշվում է: Վերնաշապիկը պետք է ճերմակ լինի, փողկապը՝ աչքի չընկնող գույնի կամ թիթեռնիկ-փողկապ: Սմոքինգի հետ պետք է հագնել սև լաքե կոշիկներ:

Գործարար տղամարդու արտաքին տեսքի մեջ անթույլատրելի են.

  • կարճ գուլպաները, որոնք մերկացնում են ոտքը, երբ մարդը ոտքը ոտքին գցած է նստում
  • կեղտոտ թաշկինակը
  • պոկված կոճակները
  • ճմրթված կոստյումը
  • ծուռ կապված փողկապը
  • կեղտոտ կոշիկները
  • հագուստի մեջ վառ, ճչացող գույները, և այլն:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս