Բաժիններ՝

Իրական զբոսաշրջիկների թիվը նվազել է անգամներով

Պաշտոնական վիճակագրությունը զբոսաշրջության ոլորտի մշտական աճ է արձանագրում նախորդ տարիների համեմատ: Օրինակ՝ 2015թ. երկրորդ եռամսյակում այդ աճը, ըստ ԱՎԾ տվյալների, եղել է 1.8%: Սակայն, չգիտես ինչու, ոլորտի ներկայացուցիչները, տուր գործակալություններն այդ վերելքը չեն զգում:

«Ջեոգրաֆիկ թրավըլ քլաբ» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախ հրապարակվող թվերից՝ ՀՀ ներգնա տուրիզմն իրականում պակասել է: Ըստ նրա՝ պաշտոնական վիճակագրությունը զբոսաշրջիկ է համարում նաև համաժողովների, սեմինարների, օլիմպիադաների և այլ գործնական նպատակներով ՀՀ եկողներին. «Իրական տուրիզմը պակասել է անգամներով, որովհետև մենք ավիափոխադրողների շատ լուրջ խնդիր ունենք: Մեր ավիափոխադրողը դարձել է Թբիլիսին և, բնական է, որ հոսքը դեպի Վրաստան խայտառակ ձևով ավելացել է: Այս տարի շատ ընկերություններ մեզ մոտ չեն եկել զուտ այն պատճառով, որ ավիատոմսերի արժեքը նորմալ չէ, թանկ է: Դա մեծ խնդիր է: Ռեալ տուրիզմը, եթե խոսում ենք արտասահմանցիների մասին, ոչ թե հայերի, այդ կազմակերպված տուրիզմը չի շատացել»:

Ըստ նրա՝ արտագնա տուրիզմը հիմնականում նույնն է մնում, ուղղակի հոսքերի ուղղությունն է փոխվում. «Մարդիկ գնում են այն ուղղություններով, որտեղ կա ուղիղ չվերթ: Այս տարի դա Կիպրոսն է, Չեռնոգորիան, Հունաստանը: Անցած տարի այդ բոլոր չվերթերի վիճակը լավ չէր, բոլորը դժգոհ էին, բացի մի երկուսից, որ աշխատում էին հայերի վրա, հիմնականում՝ Սալոնիկ, և այլն: Խնդիրն այն է, որ այս տարի Անթալիա չվերթ չեղավ, իսկ հայ ազգը հիմնականում Անթալիայում էր հանգստանում մինչև հիմա, ու դրա համար չվերթերը շատ էին, մյուս ուղղությունները չէին լցվում:

Բայց այս տարի Անթալիա չթռչելու պատճառով՝ մյուս չվերթերը շատ լավ լցվեցին, և մարդիկ տեղափոխվեցին այդ ուղղությունների վրա: Անցած կամ նախանցած տարիներին գրեթե ամեն օր ուղիղ չվերթ կար դեպի Անթալիա, և ինքնաթիռները լիքը թռնում էին, իսկ այս տարի ընդհանրապես չվերթ չեղավ: Գուցե դրա պատճառը Ցեղասպանության 100 տարելիցն էր, կամ էլ ժողովուրդն իսկապես որոշեց Անթալիայում չհանգստանալ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս