Բաժիններ՝

«Փակ երկնքի» ժամանակ Հայաստանի երկինքն ավելի բաց էր

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրները, «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր, այդ թվում` հայկական ավիաշուկայի մրցակցության բարձրացմանը, նոր ավիաընկերություններով համալրմանը, ոլորտի օրենսդրության բարելավմանն ուղղված քայլերը:

«Ջեոգրաֆիկ թրավըլ քլաբ» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բաց երկնքի քաղաքականության արդյունքների վերաբերյալ պաշտոնյաների պնդումները, թե այն դրական է ազդել տուրիզմի վրա, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:

«Բաց երկնքի պայմաններում պետք է շատ ավիաընկերություններ գային, մրցակցությունը մեծանար, ու գները նվազեին: Բայց ի՞նչ կատարվեց` եկավ «Էյր Արմենիան», որ կարողացավ շուկայում գները գցել, բայց ՀՀ պաշտոնյաները չաջակցեցին հայկական ավիաընկերությանը, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող գոյատևել ավիաոլորտում, և, բնական է, նա չդիմացավ, դուրս եկավ: Իսկ ռուսական ավիաընկերություններն ամեն ինչ պետք է անեին, որ հայկական մրցակիցը դուրս գար շուկայից, որովհետև շատ նեղեց իրենց, մի շրջան բավականին էժան էին Մոսկվայի ավիատոմսերի գները: Եվ մենք մնացինք միայն ռուսական ընկերությունների հույսին: Այժմ «Աերոֆլոտի» Երևան-Մոսկվա-Երևան և Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթերի տոմսի մեջ 60 հազար դրամի տարբերություն կա»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Ըստ նրա` Թբիլիսիում ավիատոմսերն անհամեմատ էժան են՝ Երևանի համեմատ, որովհետև կա շուկա, մրցակություն, ընկերությունները չեն կարող ավելի թանկ գներով աշխատել, որովհետև պարզապես չեն կարողանա տոմս վաճառել. «Մեզ մոտ, չգիտեմ՝ ինչ պայմաններ են դնում ավիափոխադրողների առջև, որ մի որոշ ժամանակ աշխատելուց հետո հեռանում են երկրից ու գնում են Վրաստան, օրինակ` «Ալիտալիան», «Էթիհադը», «Էյր Բալտիկան» և այլն: Ու թեև այնտեղից իրենք ավելի էժան են աշխատելու, բայց մեր պայմաններն իրենց ձեռք չեն տալիս: Եվ այսօր մենք ավելի քիչ ավիափոխադրող ունենք, քան փակ երկնքի ժամանակ»:
Դիտարկմանը, որ պաշտոնյաները պնդում են, թե շուտով «բաց երկինքն» իր արդյունքները ցույց կտա, իսկ ՀՀ-ից հեռացող ավիաընկերությունների փոխարեն նորերն են գալու, տուրգործակալության ղեկավարը պատասխանեց. «Տեսնենք, ես չգիտեմ՝ ով է գալիս, բայց նոնսենս է, որ սեզոնի պիկ ժամանակ, երբ բոլոր չվերթերը լիքը թռնում են, ընկերությունները հեռանան: Երբ լեհական «Լոտը» դուրս եկավ, բոլոր գործակալությունները պանիկայի մեջ էին, որ, եթե ծրագրված բոլոր տուրերը փակվեն, ի՞նչ պետք է անեին՝ հյուրանոց էինք ամրագրել, և այլն: Այժմ տուրիստները գալիս են Վրաստան, մի սահմանով՝ մտնում ՀՀ, մյուսով՝ դուրս գալիս, ու, եթե նախկինում Հայաստան-Վրաստան տուրերը տևում էին 8 օր, որից 4-ը՝ ՀՀ-ում, 4-ը՝ Վրաստանում, այժմ միայն 2 օր են մնում այստեղ:

Այսինքն` ՀՀ այցելությունների քանակը կրճատվում է, երկիր մտնող գումարները կրճատվում են: ՀՀ-ում ամենահանրաճանաչ և շահավետ ընկերությունները՝ չեխական և լեհական փոխադրողները, որ նորմալ գներով սպասարկում էին, ոչ ցածրարժեք ու ոչ էլ էլիտ կարգի էին, դրանք դուրս են գալիս, փոխարենը ի՞նչ պետք է բերեն, ես չգիտեմ: «Էթիհադը» էլիտ էր, բայց անգամ այն պատրաստ է գնալ, Վրաստանից ավելի էժան թռնել»:

Ա. Պետրոսյանի խոսքով՝ երբ Կառավարությունը պատրաստվում է նոր ավիաընկերություն բերել շուկա, պետք է այդ մասին տեղյակ պահի նաև ոլորտի գործակալություններին, որպեսզի նրանք կարողանան հաճախորդների հետ ճիշտ աշխատել: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում, բացի ՀՀ-ից ու նախկին ԽՍՀՄ-ից, բոլոր պատվերները 1 տարի առաջ են անում, իսկ դա մեծ ազդեցությսւն ունի զբոսաշրջիկների քանակի վրա: Ա. Պետրոսյանը նկատեց, որ այսօր հայկական ավիաշուկայում հիմնականում մոտ 10 ընկերություններ են գործում, մինչդեռ նախկին «փակ» քաղաքականության պայմաններում՝ դրանց թիվը կիսով չափ ավելի էր: Դրա հետևանքով, նշեց Ա. Պետրոսյանը, անցած տարի եվրոպական ուղղությամբ այս սեզոնին ավիատոմսերը 300-400 եվրո էին, ամենաթանկը 500-600 եվրո էր, իսկ հիմա՝ 800-900 եվրո, 700 եվրոն էլ շատ էժան գին է համարվում. «Լեհական, չեխական ավիաընկերությունները, «Էյր Բալտիկը», «Ալիտալիան» մեզ մոտ անհրաժեշտություն են, որովհետև հիմա մնացել ենք միայն Կիևի ու ռուսական ընկերությունների հույսին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս