Բաժիններ՝

Թրամփն արատավորում է իր վարկը ադրբեջանական փողերի սիրույն համար

Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած ծանուցում՝ դրական թե բացասական, քանի դեռ նրա անունը հայտնվում է խորագրերում:

Թրամփն իր հանրածանոթ անվան և անմիջականության շնորհիվ գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի 17 հանրապետական թեկնածուների մեծ դաշտը՝ ըստ վերջին պաշտոնական հարցումների:

Մի քանի տարի առաջ, երբ Թրամփը համաձայնեց իր անունը տալ մի հյուրանոցի Ադրբեջանում, նա չէր կարող կանխատեսել, որ շփումը Բաքվի տխրահռչակ մի օլիգարխի հետ ոչ միայն բացասաբար կանդրադառնա իր քաղաքական հավակնությունների վրա, այլև շահերի լուրջ բախում կստեղծի, եթե նա դառնա նախագահ:

Չնայած հյուրանոցը կրելու է նրա անունը, սակայն Թրամփը Trump International Hotel & Tower Baku-ի ոչ կառուցողն է, ոչ էլ սեփականատերը: Այնուամենայնիվ, նա վաստակում է «կառավարման շահութաբեր վճարներ իր անունն ու փորձը այս նախագծին տալու համար», ըստ Ռաս Չոմայի քննադատական հոդվածի, որն անցյալ շաբաթ հրապարակվեց Mother Jones ամսագրում՝ «Դոնալդ Թրամփը բիզնես է անում վիճահարույց ադրբեջանցի օլիգարխի հետ» խորագրով:

Կարդացեք նաև

Վերջերս Թրամփի ներկայացրած ֆինանսական հայտարարագրից, որը պահանջվում է նախագահական թեկնածուներից, պարզվել է, որ 2014 թվականին նրա ընկերությունը 2.5 միլիոն դոլար է ստացել Բաքվից, չնայած հյուրանոցի բացումը նախատեսված է այս տարվա վերջին: Թրամփն իր ընդհանուր հարստությունը գնահատում է ավելի քան 10 մլրդ դոլար:

Չոման հաղորդում է, որ «Այս գործարքում Թրամփի գործընկերն է Անար Մամեդովը, 34-ամյա մի միլիարդատեր «փլեյբոյ», որի հայրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարն է»: Հոդվածագիրն այնուհետև մեջբերում է մարդու իրավունքների պաշտպանության մի քանի խոշոր կազմակերպությունների անուններ, որոնք Ադրբեջանը նկարագրում են որպես «աշխարհի առավել ռեպրեսիվ և կոռումպացված երկրներից մեկը՝ այլախոհության նկատմամբ ռեժիմի անհանդուրժողականության և քաղաքական վերնախավի ու նրանց ընտանիքների ձեռքում խիստ կենտրոնացած հարստության համար»:

Մամեդովի կարողությունը, ըստ լուրերի, կազմում է 1 մլրդ դոլար, և նա «Գարանտ» ընկերության նախագահն է, «Թրամփ թաուեր»-ի կառուցողն ու սեփականատերը: Նրա հայրը՝ Զիյա Մամեդովը, սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Չոմայի հոդվածից հայերի համար առավել էականն այն է, որ Անար Մամեդովը «ղեկավարում է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը, և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում մի ժամանակ գրանցված էր որպես օտարերկրյա լոբբիստ: Անցյալ տարի Դաշինքն ավելի քան 2.8 միլիոն դոլար ծախսեց լոբբիստական գործունեության վրա՝ Կոնգրեսում և Պետդեպարտամենտում ԱՄՆ-Ադրբեջան կապերը բարելավելու համար»:

Ըստ OpenSecrets.org-ի՝ Դաշինքը վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է 11.5 միլիոն դոլար ԱՄՆ օրենսդիրների և պաշտոնատար անձանց լոբբինգի վրա: Չոման բացահայտել է, որ «2011 թվականին Մամեդովը, ըստ ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, անձամբ գրանցվել է՝ Դաշինքի հետ իր աշխատանքի կապակցությամբ: Չնայած Մամեդովը դեռ պատվավոր տեղ է գրավում կազմակերպության կայքում, նա այլևս նշված չէ որպես օտարերկյա լոբբիստ: Սակայն թվում է, թե նա դեռ շատ շահագրգռված է հզոր ամերիկյան  քաղաքական գործիչներին սիրաշահելու գործով: Մամեդովի անձնական կայքում երևում է խմբի անցյալ տարվա նոյեմբերին կայացած վաշինգտոնյան շռայլ տոնախմբության նկարագրությունը, որի կազմակերպիչը նա էր: Միջոցառմանը ներկա են գտնվել սենատորներ Չակ Շումերը, Ռիչարդ  Բըրը, Մարկ Փրայորը, Մարկ Ուորնըրը և զույգ կուսակցությունների բազմաթիվ անդամներ Ներկայացուցիչների պալատից…. Մամեդովի ֆեյսբուքյան էջը լի է գործարարի լուսանկարներով այլ քաղաքական գործիչների հետ, ներառյալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները»:

Դոնալդ Թրամփը հպարտությամբ հայտարարեց, որ Trump International Hotel & Tower Baku-ն «ներկայացնում է «Թրամփ» կազմակերպության կատարելության անսասան չափանիշը և մեր ներգրավվածությունը միայն լավագույն համաշխարհային զարգացման ծրագրերում: Երբ 2015 թվականին այն բացենք, այցելուները և բնակիչները կվայելեն մի շքեղ կառույց, որի նմանը չկա Բաքվում. այն լավագույնններից մեկը կլինի ամբողջ աշխարհում»:

Վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ Իվանկա Թրամփն արձագանքեց իր հոր վստահությունը հյուրանոցի նախագծի հաջողության մեջ. «Այս աներևակայելի շենքն արտացոլում է ամենաբարձր մակարդակի շքեղություն և նրբաճաշակություն, Կասպից ծովով ներշնչված բացառիկ ճարտարապետությամբ և վայելուչ ներքնամասով, որոնք դյուրահոս ձևով համադրում են ժամանակակից ոճը հավերժական հմայքի հետ: Անհամբեր սպասում ենք մեր անզուգական «Թրամփի» ծառայություններն ու հարմարությունները Ադրբեջան բերելուն»:

Բաքվի «Թրամփ թաուրը» 33 հարկանի է և առագաստանավի տեսք ունի: Այն իր մեջ ներառում է 75 շքեղ հարկաբաժիններ, 190 համարներ, սպա և ֆիթնես կենտրոններ, փակ լողավազան, բիզնես կենտրոն, պարասրահ, խանութներ, բար և ռեստորան՝ շրջապատված այգիներով, զբոսավայրերով և շատրվաններով:

Դոնալդ Թրամփը, ընկերակցելով կեղեքիչ վարչակարգի կասկածելի գործարարների հետ, փողի սիրույն համար վտանգում է իր վարկը նախագահական ընտրությունների ամենաեռուն շրջանում…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս