«Ոտքի՛, Հայաստանը» պահանջում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հրաժարականները
Պարոնայք հանձնաժողովի անդամներ,
«ՀԷՑ» ՓԲԸ-ն 2012թ-ի ֆինանսական տարին ավարտեց 10 մլրդ 194 մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2013 թվականին, սեփական նախաձեռնությամբ որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 8 դրամով։ «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2013թ. ֆինանսական տարին ավարտեց 9 մլրդ 887մլն դրամ վնասով։ Ձեր հանձնաժողովը, 2014 թվականին, կրկին սեփական նախաձեռնությամբ, որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի նույն սակագինը 3.85 դրամով։ «ՀԷՑ» ՓԲԸ-ն 2014թ. ֆինանսական տարին ավարտեց 10 մլրդ 677 մլն դրամ վնասով։ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ «ՀԷՑ» ՓԲԸ-ի 3 տարվա կուտակած վնասը կազմել է 55 մլրդ 146 մլն դրամ։ Այս անգամ, արդեն 2015 թվականին, «ՀԷՑ» ՓԲԸ-ն դիմեց ձեր հանձնաժողովին այդ սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով։ Ձեր հանձնաժողովը բավարարեց հայտը մասնակիորեն՝ բարձրացնելով այն 6.93 դրամով։ Ընդ որում, «ՀԷՑ» ՓԲԸ-ն, սակագների հայտը բարձրացնելու օրվա դրությամբ, լիովին սպառել էր իր կանոնադրական կապիտալը և օրենքով սահմանված կարգով ենթակա էր լուծարման։ Դրա մասին դուք պարտավոր եք տեղյակ լինել:
ՀՀ քաղաքացիները ողջամիտ բողոք ներկայացրեցին իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել սպառողների հաշվին սնանկ ընկերության ֆինանսավորումը, իսկ ձեր հանձնաժողովից՝ չեղյալ ճանաչել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։
Քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկեց հունիսի 19-ին և հունիսի 22-ի լույս առավոտյան հանգեցրեց ոստիկանության հետ բախմանը, որի հետևանքով 237 ցուցարար բերման ենթարվեցին ոստիկանության բաժանմունքներ և հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանությանը չհաջողվեց ուժով ցրել բողոքի ակցիաները հունիսի 23-ին և 28-ին, ընդ որում՝ ձեր հանձնաժողովի որևէ անդամ համարձակություն չունեցավ դուրս գալ ցուցարարների մոտ և այդ մարդկանց առջև հիմնավորել ձեր հանձնաժողովի ընդունած որոշումը։
Փաստորեն, ձեր հանձնաժողովի ընդունած որոշումը երկրում ստեղծեց քաղաքական ճգնաժամ, որն իր մեջ պարունակում էր քաղաքացիական պատերազմի հանգեցման սպառնալիք։ Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ իրենց պարտքը համարեցին այդ իրավիճակում կանգնել ոստիկանության և ցուցարարների մեջտեղում, իրենց մարմիններով ստեղծեցին կենդանի պատնեշ՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումը բացառելու համար։ Նրանցից ոմանք, (օրինակ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը), նույնիսկ զոհաբերեցին իրենց անձնական համբավը, իրենց մեջ ուժ գտնելով դուրս գալ և կանգնել մարդկանց առջև, իսկ դուք այդ պահին ճիճուների պես մտել էիք ընդհատակ։ Ոստիկանապետը, երկրի համար օրհասական այդ պահին, ստիպված եղավ սթափվելու կոչերով դիմել քաղաքացիներին՝ նժարին դնելով իր անձնական համբավը։
Սույն թվականի հուլիսի 27-ին ձեր հանձնաժողովն իր իսկ որոշմամբ հաստատեց, որ մեր երկրում եղբորը եղբոր դեմ հանած ձեր որոշումը մասնագիտական առումով գրոշի արժեք չունի։ Դուք կայացրեցիք որոշում՝ ներգրավել միջազգային խորհրդատվական ընկերություններին, որպեսզի նրանք անեն այն գործառույթը, որն օրենքով պարտավոր էր իրականացնել ձեր հանձնաժողովը։
Ստեղծված իրավիճակում համարում ենք, որ ձեր հետագա պաշտոնավարումը շարունակում է վտանգ ներկայացնել հանրության համար։ Ուստի գտնում ենք, որ ձեզ համար արժանապատիվ ելքը այսօր, օրենքով սահմանված կարգով, հրաժարական նեկայացնելն է։ Որպեսզի դուք համոզվեք, որ այստեղ հնչեցրած մտքերը կիսում են հազարավոր քաղաքացիներ, մենք նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ ձեր հանձնաժողովի բոլոր անդամների հրաժարականի պահանջով։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ