«Գրանցվեց Հայաստանի արդարադատության հերթական խայտառակ պարտությունը». Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան

«Խաչատրյան ընտանիքը միշտ տուժող կողմին նյութական օգնություն է առաջարկել»,-ասում է Տիգրան Խաչատրյանի փաստաբանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը գրավ կիրառելու մասին: Ինչպես արդեն հայտնել էինք, դատարանի որոշմամբ Տիգրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր: Որոշման հրապարակումից հետո Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ միջնորդել էին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում այն փոխարինել գրավով: «Առաջարկել ենք այն գումարը, որը դատարանը նպատակահարմար կգտնի: Անգամ պատրաստ ենք տուն գրավ դնել: Եթե հանկարծ Տիգրանը կխախտի պայմանները` թող դառնա պետության եկամուտ»,- ասաց նա:

«Կարծում եմ, որ գրանցվեց Հայաստանի արդարադատության հերթական խայտառակ պարտությունը, որովհետև մեր` իմ և մյուս պաշտպանի փաստարկներն այքան հիմնավոր էին, որ չնայած այս ամեն ինչին` դատարանը գոնե այդքան քաջություն ունեցել է, որ գրել է իր որոշման մեջ` «դատարանը հաշվի է առնում պաշտպանների կողմից ներկայացված հիմնավոր փաստերը` կապված մեղադրյալի անձի, բնութագրող հատկանիշների և ընտանեկան կարգավիճակի հետ, սակայն արձանագրում է, որ ներկա պահին խափանման միջոց կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն»,-ասաց Ա. Մելքոնյանը: Փաստաբանն ասաց, որ որոշման մեջ որևէ հիմնավոր բան չի տեսնում, այն միանշանակ բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ դատարանում. «Հույս ունենանք` գոնե Վերաքննիչ քրեական դատարանը կգտնվի իր բարձրության վրա: Մենք բան չենք ուզում: Մենք ուզում ենք ուղղակի արդարադատություն: Ուզում ենք, որպեսզի կայացված որոշումները լինեն հիմնավոր, պատճառաբանված, բխեն գործող օրենքներից»,-ասաց նա:

Արմեն Մելքոնյանի խոսքով` որոշումը բավարար պատճառաբանված չէ, դատարանը պարզապես հերթական տրաֆարետային պատճառաբանությունն է արձանագրել, թե Տ. Խաչատրյանը հնարավոր է` խոչընդոտի քննությանը: «Իսկ ինչն է նրան այդ հնարավորության հիմքը տվել, այդպես էլ դատարանի որոշման մեջ չունենք»,- ասաց փաստաբանը` նշելով, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 21:05-ը Տիգրան Խաչատրյանին ոչ հաց, ոչ ջուր չեն տվել:

«Անկախ նրանից` Խաչատրյան ընտանիքի որևէ անձ մասնակցություն ունի, չունի միջադեպին` Խաչատրյան ընտանիքը միշտ տուժող կողմին առաջարկել է նյութական օգնություն: Անգամ երեկ չէ առաջին օրը, երբ Հարություն Զաքարյանը, ըստ ինձ, սուտ պնդեց, որ Տիգրանն է իր աչքին հարվածել, Տիգրանի խոսքը եղավ հետևյալը, որ եթե քո աչքը կտեսնի, թող ես դրա համար գնամ, հինգ տարի նստեմ: Բայց ոչ մեկն այդ մասին չի ասում: Բայց այդ մարդիկ ասել են, որ եթե օգնության կարիք կա, մենք պատրաստ ենք օգնել, անկախ նրանից, որ մեր դեմ ցուցմունք է տալիս, թող աչքը տեսնի, որովհետև երիտասարդ է, թող առողջանա»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս