Բաժիններ՝

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կմերժի հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու՝ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հրավերը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը նույն խնդրի համար պայքարող «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության կողմից եղել է հրավեր՝ մասնակցելու հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիային, սակայն, ամենայն հավանականությամբ, «Ո՛չ թալանին» նախաձեռնող խումբը չի ընդունի հրավերը: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ այժմ իրենց նախաձեռնությունը քննարկում է այդ հարցը:

«Այս պահին քննարակում ենք, բայց 100%-ով գիտենք, որ չենք մասնակցելու, պարզապես պետք է հրապարակենք այդ մասին և իրենց տեղեկացնենք, որ այս պահին, ամեն դեպքում, մեր քայլերը չեն համընկնում, և եթե միանանք, վստահ եմ՝ կտուժեն այն քայլերը և գործողությունները, որոնք մենք նախատեսել և պլանավորել ենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նպատակահարմար չէ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ամբողջ կազմով հանդես գալը, սակայն, որպես անհատներ՝ միանշանակ, կարող է՝ և մասնակցեն:

Նա հիշեցրեց, որ իրենք ունեն գործողությունների ընթացք. նամակներ են ուղարկել տարբեր պատկան մարմիններին, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացել: Մեր զրուցակցի խոսքով՝ այդ նամակների պատասխաններն իրենց պետք են, որպեսզի գործողություններ կատարեն, իսկ քանի դեռ չունեն, անիմաստ է ուրիշ քայլ անելը. «Դուրս գալ և նստել փողոցում, նստացույց անել՝ այս պահին մեր ընթացիկ կարևոր քայլերի համար (օրենսդրական դաշտում ուսումնասիրություններ կատարելուն) շատ խանգարող հանգամանք կդառնա»:

Մեր ճշտող հարցին՝ դուք ունեք հստակ օրակարգ ու չե՞ք ուզում շեղվել այդ օրակարգից, Ս. Հովսեփյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե չենք ուզում շեղվել, այլ այս պահին առավել  լավագույն այլընտրանք չկա, որպեսզի շեղվենք, եթե լավագույն այլըտրանք լիներ՝ ոչ մի խնդիր չկար»:

Հարցին՝ ի՞նչը վստահություն չի ներշնչում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության քայլերում, որ չեք միանում իրենց, Ս. Հովսեփյանը պատասխանեց, որ  վստահության խնդիր չկա. «Մեր և նրանց գործողությունների համընկնում չկա, այսինքն՝ եթե մեր մտածած գործողությունները համընկնեին, մենք ի սկզբանե կանեինք այդ ամեն ինչը՝ սկսած հացադուլից, և այլն: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ, գրագետ քայլ էր, և քայլ էր, որը պետք  է մարդ հավաքեր: Դուրս բերել ժողովրդին փողոց և հյուծել, այն դեպքում, երբ դու դեռ չունես շատ հարցերի պատասխաններ՝ ճիշտ չէ, քանի որ տեսնում եմ, որ մենք ունենք հզոր պայքարի մղվելու պատճառներ: Ես վստահ եմ, որ կառավարությունը ոչ մի կարևոր քայլ չի անելու, և եթե ժողովուրդը հոգնած, հյուծված եղավ, դու չես կարող նրան դուրս բերել իր իրավունքի համար պայքարելու, ամեն մեկը կգնա իր տուն՝ քնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս