Հայաստանը Սև ծովը Պարսից ծոցին կապելու լավագույն միջանցքը կարող է դառնալ. Մուհամադ Ռաիսի

«Իրանի ապաշրջափակումը նոր թափ կհաղորդի ՀՀ-Իրան հարաբերություններին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին՝ անդրադառնալով Իրանի ապաշրջափակմանը, Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին:

Նա նախ՝ ուրախությամբ նշեց, որ Ժնևյան բանակցությունները, որոնք բավականին բարդ ընթացք ունեցան, ի վերջո, դրական հանգուցալուծում ստացան: Նրա կարծիքով` ի վերջո, կողմերը փորձում էին և կարողացան ընդհանուր հայտարարի գալ:

«Կարևորագույն հանգամանքներից մեկն այն է, որ այն անվտանգության նախագիծը, որը գործադրվում էր Իրանի դեմ, կչեղարկվի: Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում Իրանը ներկայացվում էր՝ որպես տարածաշրջանի ամենավտանգավոր գործոն: Այդ համաձայնագրի շրջանակում համաշխարհային հանրությունը հասկացավ, որ միջուկային ծրագիրն Իրանի խաղաղ նպատակների համար է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս համաձայնեց, որ Իրանը հարստացնի ուրան:

21-րդ բանաձևի համաձայն՝ այն բոլոր վեց բանաձևերը, որոնցով պայմանավորված՝ Իրանն էմբարգոյի էր ենթարկվում, չեղարկվեցին: Պետք է ասեմ, որ այս տասը տարիների աշխատանքների արդյունքում, ի վերջո, Իրանի միջուկային ծրագրի գործընթացն իր ավարտին հասավ: Իրանը փոխադարձ հարգանքի և փոխադարձ պայմանավորվածության հիմքի վրա բանակցությունների սեղանի շուրջ նստեց, Իրանն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, և, ինչպես միշտ, նա կողմնակից է միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով իրագործելուն:

Իրանը կարողացավ պահպանել ուրանի հարստացման իր իրավունքը և կարողացավ պահպանել միջուկային ծրագրի գիտությունը՝ որպես իր անձնական գիտություն: Այս համաձայնության շնորհիվ՝ այն համաշխարհային ճգնաժամը, որի հետ առնչվում էր համաշխարհային հանրությունը, իր ավարտին հասավ: Այս համաձայնությունը և այս ծրագիրը շատ կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Դեսպանը փորձեց պարզաբանել, թե պատժամիջոցների վերացումն ինչպես կանդրադառնա տարածաշրջանային իրավիճակի և հայ-իրանական հարաբերությունների վրա: Նա նշեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները միջազգային մակարդակով զարգացնել, վարել ակտիվ հարաբերություններ նաև իր հարևանների հետ: Ռաիսիի խոսքով` Իրանի քաղաքականության առանցքներից մեկը համագործակցությունն է հարևանների հետ: Նրա վստահեցմամբ` Իրանը ՀՀ-ի հետ շատ լավ հարաբերություններ ունի, այն էլ ավելի կզարգանա և կխորանա:

«Այցեր անպայման տեղի կունենան: Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությամբ կայցելի ՀՀ: Այդ այցը կլինի ի պատասխան Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցին: Անշուշտ, եթե այդ մակարդակի այց է լինում, անպայման ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա»,- ասաց դեսպանը՝ շարունակելով, որ հայ-իրանական հարաբերությունները խոսքի մակարդակում չեն:

Ավելին, նա նշեց, որ աշխարհում ոչ մեկը չի տեսնի մուսուլման-քրիստոնյա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին քրիստոնյա Հայաստանի և մուսուլման Իրանի միջև է: Դեսպանը նաև ներկայացրեց, թե ինչն է լինելու Իրանի փոխնախագահի երևանյան այցի մեխը: Ըստ նրա` այցի կենտրոնում լինելու է բարձրավոլտ էլեկտրակայանի նախագիծը, որը ներդրումների կարիք ունի: «Իրանի ֆինանսական կարողությունները շրջափակման մեջ են, և ժամանակ է պետք, որպեսզի այդ գումարներն ազատագրվեն: Այն կարծիքին եմ, որ Իրանի նպատակներից մեկն է Հայաստանի հետ այն նախագծերի իրագործումը, որոնք արդեն ստորագրվել են»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Հայաստան-Իրան համագործակցության ոլորտները բազմաթիվ են, բազմաթիվ նախագծեր են ստորագրվել երկու երկրների միջև, սակայն կյանքի չեն կոչվել, և, անշուշտ, դրանց իրականացումը դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: «Մենք բազմաթիվ նախագծեր ունենք, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի փոխանակման, Մեղրիի հէկ-ի, Հյուսիս-Հարավ միջանցքի:

Անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը Սև ծովը Պարսից Ծոցին կապելու համար շատ լավ միջանցք կարող է հանդիսանալ, հնարավոր է՝ դա ժամանակի առումով երկար տևի, սակայն գիտեք, որ կոմունիկացիաները լուրջ ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա: Բանակցությունները նախկինում տեղի են ունեցել, 3 միլիարդ 200 միլիոն է նախատեսված ծրագրի իրականացման համար, երկաթգծի մասին է խոսքը: Այդ նախագիծը ներդրողի կարիք ունի: Տրանսպորտի նախարարությունը մի քանի անգամ նիստեր է կազմակերպել այդ նախագծի համար, բազմաթիվ բանակցություններ են ընթացել դրա շուրջ, սակայն լուրջ ներդրող առ այսօր չի գտնվել»,- ասաց դեսպանը:

Խոսելով կարծիքներից, թե Հայաստանը կարող է իրանական գազը տարանցել Եվրոպա Վրաստանով, Սև ծովով` նա ասաց, որ այդ հարցի շուրջ երկարատև բանակցություններ են տեղի ունեցել: Ավելին, նրա փոխանցմամբ՝ հարցն արծարծվել է նաև Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

«Նման մտադրության իրագործման համար համապատասխան ենթակառուցվածքներ են անհրաժեշտ»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությունում Իրանի հնարավոր միջնորդական դերակատարությանը` դեսպանն ասաց, որ Իրանը միշտ իր հարևան պետություններում անվտանգության և խաղաղության պահպանումը համարում է իր անվտանգության և խաղաղության պահպանումը: «Իրանի դիրքորոշումը հետևյալն է, որ հակամարտությունները պետք է խաղաղ կարգավորում ստանան: Միջազգային նորմերը լավագույն հնարավորություններն են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս