Համակարծիք ենք Ուորլիքի հետ` Ղարաբաղի  կարգավիճակի ու սահմանների հարցն առաջնային է. Դավիթ Բաբայան

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի երկու հիմնական բաղադրիչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այսօր Երևանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի  դիտարկումներին: Ի դեպ, Ուորլիքը նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման՝ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում:

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,- ասել է Ուորլիքը` շարունակելով, որ համապարփակ  կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը:

Դավիթ Բաբայանն ասաց, որ միշտ ասել են ու շարունակում են պնդել, որ առանց Ստեփանակերտի մասնակցության՝  ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերին հակամարտության կարգավորում դժվար է  պատկերացնել: Ըստ նրա` Արցախը չի կարող ստանձնել պարտավորություններ, որոնց մշակման աշխատանքներին  չի մասնակցել, կամ  իրականացնել որոշումներ, որոնք ընդունել են իր փոխարեն:

«Ուստի, մենք միշտ ասում ենք, որ պետք է մասնակցենք:  Այլ հարց է` ինչ խնդիրների շուրջ պետք է մասնակցենք: Ես հասկանում եմ Ուորլիքի մոտեցումները, որ կարգավիճակն առաջնային  խնդիրներից մեկն է: Մենք ևս ասում ենք` կարգավիճակ  և սահմաններ: Ընդհանրապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի երկու հիմնական հարց, մնացած բոլոր հարցերն  ածանցյալ են այս երկու խնդրից: Հիմնական հարցերն են կարգավիճակն  ու սահմանները:  Կա հակամարտության կարգավորման կարճ և արագ ճանապարհ: Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, նստում ենք բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու մյուս բոլոր հարցերը, լինի դա քաղաքակա՞ն, ռազմակա՞ն, մարդասիրակա՞ն, թե՞ այլ բնույթի: Առանց Արցախի՝ Արցախի ապագան չի կարող լուծվել»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Կարդացեք նաև

Վերջինս նաև հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության համար իր անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են, և այդ հարցում   որևէ սակարկություն չի կարող լինել: «Արցախի ժողովուրդը  երկու անգամ իր կամարտահայտությունը կատարել է  համազգային հանրաքվեների միջոցով: Մեկը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, երբ կազմավորվել է, ստեղծվել Արցախի Հանրապետությունը, մյուսը`  2006թ. դեկտեմբերի տասին: Մեր կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտել ենք ազգովի շուրջ երկու անգամ: Սա էլ անհրաժեշտ փաստ է, որը պետք է հաշվի առնել»,- պնդեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս