Իշխանությունների վերարտադրվելու հնարավորությունը չպետք կապել Սահմանադրության հետ. սահմանադրագետ

Շուտ է Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծին գնահատական տալը, քանի որ Սահմանադրությունը խիստ համակարգային երևույթ է: Այս կարծիքին է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ գործող Սահմանդրության համեմատ՝ այս նոր Սահմանադրության մեջ կա բավականին մեծ առաջընթաց։ Ու թեպետ այն «բավականին կատարելագործված» է, սակայն ըստ նրա՝ «կատարյալ լինելուց բավականին հեռու է»:

Վ. Այվազյանի գնահատմամբ՝ մարդու իրավունքների և ազատությունների բաժնում բավականին առաջընթաց կա, քանի որ ըստ նրա՝  հստակ համակարգվել են մարդու անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքները:

Անդրադառնալով նախագծի 23-րդ` «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետին՝ «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»՝ Վ. Այվազյանը նշեց, որ ինքը կիսում է այն տեսակետը, որ որպես մարդու բոլոր իրավունքների հիմք՝  կյանքի իրավունքի սահմանափակման հիմքերը առավել սպառիչ և հստակ պետք է դրվեն, այլ ոչ թե «լղոզված» ձևով, որը հետագայում կարող է ցանկացած մեկնաբանության տեղիք տալ:

Խոսելով նախագծում առաջարկված կառավարման նոր մոդելի՝ խորհրդարանական համակարգի մասին, նա նշեց, որ դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին պետք է աշխատել իշխանավորների և հասարակության մտածելակերպի և իրավական գիտակցության մակարդակի վրա. «Եթե խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց պետք է մեր հասարակությունը իր վստահության քվեն տա էլի այն նույն պատգամավորական կազմին, որն այսօրվա Ազգային ժողովում կա, այսինքն՝ եթե ոչ կոմպետենտ մարդիկ դարձյալ դառնան ԱԺ-ի պատգամավոր, այստեղ բացարձակապես կապ չունի՝ կառավարման խորհրդարանակա՞ն ձև ունենք, թե՞ կիսանախագահական»:

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները որոշեցին նման հապճեպությամբ սահմանադրական փոփխությունների գնալ՝ Վ. Այվազյանը պատասխանեց, որ արմատական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց դրանք որպեսզի իրենց արդյունքը տան, նրանք պետք է  լինեն ոչ միայն սահմանադրութան մակարդակով, այլ դրանք պետք է լինեն համակարգային:

Իսկ նոր Սահմանադրությունը տալի՞ս է հիմքեր իշխանության վերարտադրվելու համար։ Վ. Այվազյանը պատասխանեց, որ վերարտադրվելու հնարավորությունը չպետք  կապել Սահմանադրության հետ.

«Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ինքն իրեն սիրել այնքան, որքանով ատում է իր մեջ իր անկատարությունը: Այսօր մեր իշխանական և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները իրենք իրենց սիրում են այնքանով, որքանով ատում են իրենց անկատարությունը բարձրաձայնողներին: Իմ կարդացած տեղեկատվության սահմաններում ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք խիստ քննադատության են ենթարկում Սահմանադրության նախագիծը, այդ քննադատությունները հնչում են բացառապես սեփական նեղ կուսակցական շահերի շրջանակներում:

Այսինքն՝ «իմ քաղաքական գործունեությանը ձեռք չի տալիս քո նախագիծը, ուրեմն՝ լավը չի,» մինչդեռ  սահմանադրությունը համապարփակ փաստաթուղթ է, և այն ընտրվում է ոչ թե կուսակցության և իշխանության համար, այլ ընդունվում է ժողովրդի համար»:

Տեսանյութեր

Լրահոս