Դավիթ Սանասարյանը ճանաչում է Ֆեյսբուքում օգոստոսի 1-ին հեղափոխության կոչ անող Արթուր Տեր-Մելիքսեթյանին
Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արթուր Տեր-Մելիքսեթյան անունով օգտատերը կրկին միջոցառման հրավեր է տարածել՝ կոչ անելով օգոստոսի 1-ին միանալ «հեղափոխությանը»: Օգտատերը կոչ է անում «չփնտրել իվենթը բացողին», նրա խոսքով՝ «կազմակերպիչը՝ յուրաքանչյուրս ենք»:
«100. 000 մարդ միանում է միջոցառմանը և գրոհում են նախագահականի վրա: Կազմակերպիչը յուրաքանչյուրս ենք, մի փնտրեք իվենթը բացողին: Իվեթը դա տեխնիկական մասն է»,- գրված է միջոցառման հայտարարության մեջ:
Օգտատերը կոչ է անում համախմբման արշավ իրականացնել այն բոլոր ուժերին, մարդկանց, ովքեր նպատակ ու պահանջ ունեն՝ «ազատ արձակել մեր եղբայրներին և քույրերին, իջեցրել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատության ենթարկել ապօրինություններ կատարողներին, բարեփոխել էներգետիկ ոլորտը»։
Հիշեցնենք, որ այդ նույն օգտատերը հունիսի 29-ին, երբ դրա նախորդող օրվա երեկոյան «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների մի մասը եկել էր Ազատության հրապարակ, իսկ մյուս մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, կրկին միջոցառման հրավեր էր տարածել, ու ոչ ոք գաղափար չուներ, թե ով է այդ օգտատերը: Երբ մենք այդ օգտատիրոջը նամակ էինք գրել, խնդրելով պարզաբանել, թե որ նախաձեռնությունն է ինքը ներկայացնում, նա մեզ միայն գրել էր՝ «no comment»:
168.am-ը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճանաչո՞ւմ են իրենք այդ օգտատիրոջը և ի՞նչ կապ ունի նա իրենց նախաձեռնության հետ, սակայն Վաղինակն ասաց, որ ինքը չի ճանաչում նման մարդու և նա ոչ մի կապ իրենց նախաձեռնության հետ ունենալ չի կարող:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նոր նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ճանաչում է Արթուրին, բայց նրա իվենթի մասին դեռ չի խոսել նրա հետ. «Պայքարող տղա է, շատ լավ նրան ճանաչում եմ, բայց չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Մեր նախաձեռնության հետ այդ իվենթը կապ չունի: Արթուրի հետ կխոսեմ, կիմանամ ինչի մասին է խոսքը»: