Բաժիններ՝

Մեզ մոտ գործող տնտեսական մոդելն իրեն սպառել է. Վահագն Խաչատրյան

«Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է իշխանության, կառավարության անդամների ցանկությամբ: Իրենք իրատեսական մոտեցումները, կարծես, կորցրել են, իսկ իրատեսական դաշտ բերող կառույցները՝ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, պարբերաբար սթափեցնում են, որ կյանքին մի քիչ ռեալ նայեն: Ի՞նչ ի նկատի ունեմ. իրենց կանխատեսումներով ասում էին, որ զրոյական աճ կլինի, ու դա հաջողություն կինի ՀՀ համար: Բայց իշխանության ներկայացուցիչները լավատես էին և իրատես չէին: Իրականում շատ դժվար էր պատկերացնել, որ 2015-ին տնտեսական աճ կարող է լինել` հաշվի առնելով Ռուսաստանի և մեր ներքին խնդիրները: Ժամանակն է ապագա ծրագրերի հետ կապված ավելի լուրջ նայել խնդրին, և այժմ կարճաժամկետ կամ միջնաժամկետ կանխատեսումներն ավելի ռեալ են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության 2016-18 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Ըստ նրա` ընդամենը մի 10 օր առաջ էր, որ հերթական անգամ կառավարությունում քննարկվում էին տնտեսական ծրագրեր, և կառավարության անդամները պնդում էին, որ 2-3% աճ կլինի. «Բայց ցանկությունը քիչ է, պետք է հիմնավորումներ տալ: Իսկ միջազգային կառույցներն ամեն ինչ ավելի ռեալ են տեսնում, գոնե այնքանով, որ մասնակից են ՀՀ տնտեսական ծրագերի կազմման ու իրականացմանը, դրա շրջանակում են կազմում կանխատեսումները: Թեև ես ինքս էլ շատ չեմ կիսում իրենց մոտեցումները ՀՀ զարգացման ռազմավարությունների առումով, որոնք ոչ մեկը իրականություն չդարձավ: Ու իրենք պատասխան չտվեցին, թե ինչու այդպես ստացվեց: Այսինքն` բոլոր կանխատեսումները մինչև 2009 թ. և հետո, երբ 7% տնտեսական աճի մասին էր խոսքը, մի քանի խոշոր ծրագեր կային, որ իրականություն չդարձան: Ամենակարևորը` իմ քննադատակամ մոտեցումները միջազգային կառույցներին նրանում է, որ բարեփոխումների հաջորդ փուլը, որ կոչվում էր ինստիտուցիոնալ, չկարողացան իրականություն դարձնել ու դրա հետևանքով էր, որ չենք կարողանում ՀՀ տնտեսական դրությունը խելքի բերել»:

Վ.Խաչատրյանը նշեց, որ 2009 թ. ցուցանիշներին ՀՆԱ-ի կամ մեկ շնչին ՀՆԱ արդյունքով դեռ չենք հասել, և միջազգային կառույցները պետք է իրենց վճռական խոսքն ասեն: Նա նշեց, որ գալիս է ժամանակ, որ տնտեսական աճի կանխատեսումը իրական չի, որովհետև ռեսուրսները չկան. «1% հավանաբար իներցիայով գնացող աճ կլինի: Հեռու գնացող ծրագրերը նայելու դեպքում 3-4% աճը ՀՀ տնտեսության համար 0 պետք է համարել, որովհետև այս վիճակից դուրս գալու համար ավելի բարձր ցուցանիշների մասին պետք է մտածել: Երկրորդ խնդիրը ՄԺԾԾ-ում փոխանակ աճի, նվազում է: Սրա պատախաներն էլ են հետաքրքիր, կարծես, կառույցները լուրջ գումարներ են պարտք տալիս ՀՀ-ին, որի արդյունքնում պետք է ներդրումները ավելանային, բայց դա էլ չկա: Իմ անհանգստությունը ծրագրին ծանոթանալուց հետո այն էր, որ ըստ էության ոչինչ չի փոխվելու: Եկել ենք մի հանգրվանի, որ առօրյա կյանքում կիրառվող մեթոդներն արդյունք չեն տալիս: Սա նշանակում է, որ մեզ մոտ գործող տնտեսական մոդելն իրեն սպառել է: Կարճաժամկետ ծրագիրը դրա ապացույցն է և սովորական քայլերով հնարավոր չէ այս վիճակից դուրս գալ: ՄԺԾԾ-ն ասում է, որ դրա ցանկությունն էլ չկա»:

Վ.Խաչատրյանը «մանկական խաղ» բնորոշեց, որ գուցե ցուցանիշենրը ցածր են նշել, որ բարձր արդյունքի դեպքում ասեն` ավելին արեցինք. «Շատ բան չեմ սպասում այսօրվա կառավարությունից, որովհետև այսօրվա հարաբերություններում ավելին չի էլ կարելի անել: Եթե նույնիսկ իրենք այդպես են ներկայացնելու, չի ստացվի: Խոստումներ տվեցին ԵՏՄ հետ կապված, որ իրականություն չդարձան ու գուցե դա դաս էր»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ այն ինչ տեղի է ունենում ՌԴ-ում, առաջիկա 3 տարիներին լավ բան չի խոստանում մեզ, քանի որ նույն արժութային քաղաքականությունն է տարվում, ներքին արտադրության զարգացում և արտահանման խթանման ծրագիր է իրականացվում, և ՌԴ-ն պետք է իր արժույթն ուժեղացնի. «Մենք էլ պետք է նման բան անենք, բայց այս ծրագրում դա էլ չկա, և մենք ի վիճակի էլ չենք: Արտահանման խթանումը նշանակում է առաջին հերթին արժութային քաղաքականություն: ՌԴ-ն թույլ չի տալիս, որ իր արժությն արժևորվի, որի արդյունքում կա ներքին խթանում, իսկ մենք չունենք դա: Մենք տնտեսական ռեսուրսների առումով առաջիկա 3 տարիներին չունենք հնարավորթյուն այդ ռեսուրսները ավելացնելու: Ներդրումների համար դաշտ չկա, ֆինանսական ռեսուրսների առումվ ՌԴ վիճակը չի լավանալու առաջկա 3 տարում, այսինքն` տրանսֆերտներ և ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ չեն լինելու: ՀՀ արտահանումը չի զարգանում, և արտահանումից եկող միջոցների պակաս է լինելու: Նաև զգացնել է տալիս մի գործոն` ներքին շուկայի պահանջարկի նվազումը, ապրանքների պահանջարկը կրճատվումէ, անշարժ գույքի շուկայում գործարքները 15% կրճատվել են: Այսինքն` ՄԺԾԾ-ն ոչինչ չի ասում, ուղղակի փաստում են վիճակը, բայց լավացման որևէ ճանապարհ ցույց չեն տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս