Արայիկ Հարությունյանը նվերներ է հանձնել գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի՝ այս տարվա բակալավրյատի շրջանավարտներին՝ նրանց հանձնելով դիպլոմներ ու նվերներ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գործադիր իշխանության ղեկավարը շնորհավորել է նրանց՝ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ և, բարձր գնահատելով ագրարային մասնագիտությունների դերը, նշել, որ Արցախում դրանք շատ պահանջված են:

«Կառավարությունը շարունակելու է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ագրարային ոլորտի մասնագետների աշխատանքային պայմանների բարելավմանը, քանի որ Արցախում գյուղատնտեսության զարգացումը և հատկապես պարենամթերքի արտադրության ծավալների մեծացումը մեր հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի անունից՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել վարչապետին մշտական ուշադրության համար՝ հավելելով, որ համալսարանի գործունեությունն այսուհետ ևս միտված է լինելու հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար բարձրակարգ մասնագետների պատրաստմանը:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանն անձամբ է հանձնել գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների դիպլոմները՝ նրանցից յուրաքանչյուրին նաև նվիրելով «Արմթաբ» պլանշետներ:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս