Ստեփանակերտում նոր ծննդատուն է կառուցվում
Ստեփանակերտի հանրապետական ծննդատան կառուցման շինարարությունը ընթացքի մեջ է:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շինարարությունը իրականացվում է արտաբյուջետային միջոցների հաշվին: Շինարարության առաջին փուլը` երկաթբետոնե կմաղքի կառուցումն իրականացրել է «Ֆոր դիրեքշն» ՍՊԸ-ն:
Այժմ շարունակվում է շինության երկրորդ փուլի աշխատանքները, որն իրականացնում է «Պանտ» կապալառու ընկերությունը: Այս փուլում նախատեսված է արտաքին պատերի և հարթ տանիքի կառուցումը, ինչպես նաև արտաքին պատերի երեսպատումը` բազալտե և տրավերտինե բնական քարերով:
Ալյումինե դռների, պատուհանների և ցանցաճաղերի (վիտրաժ) տեղադրումն իրականացնում է «ՀՐԱՏ» ՍՊԸ-ն:
Նշենք, որ շենքը եռահարկ է, և ըստ նախագծի, հանրապետական ծննդատան առաջին մասնաշենքում տեղակայված կլինեն ծառայողական, կոնսուլտատիվ ախտորոշման, պաթոլոգիայի և վիրահատական բաժանմունքները, 2-րդ մասնաշենքում` ծնարանային, հետծննդաբերական, նորածինների գինեկոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները: Նկուղային հարկը կծառայի որպես տեխնիկական սպասարկման կենտրոն: