Անօրինական ներգաղթյալները գրոհել են Լա Մանշի տակով անցնող թունելը
Լա Մանշի տակով անցնող թունելում գնացքների երթևեկությունը անցած գիշեր դադարեցվել է անօրինական ներգաղթյալների պատճառով: Ֆրանսիական Կալեում պատվարը ճեղքելու միջոցով փորձել է ներխուժել մոտ 150 մարդ, որոնց ոստիկանները փորձել են երեք ժամում դուրս բերել տարածքից, հայտնում է Sky News-ը:
Պա-դե-Կալեի դեպարտամենտի դատախազության ներկայացուցիչը պատմել է, որ «150 ներգաղթյալ անցել է պատվարը ու գտնվել է այն հարթակներում, որոնցով թունելով ավտոմեքենաներ են տեղափոխվում»
Իրավապահները ստիպված են եղել ստուգել բոլոր վագոնները, որոնք գտվել են այդ տարածքում: Միայն 3 ժամ անց ոստիկանները կարողացել են կարգավորել ստեղծված իրավիճակը:
Ֆրանսիական կողմի տվյալով՝ ներկայում Պա-դե-Կալեի տարածքում կա մոտ 3 հազար անօրինական ներգաղթյալ, ովքեր հիմնականում ժամանել են Եթովպիայից, Էրիթրեայից, Սուդանից ու Աֆղանստանից: Ներգաղթյալները ձգտում են հայտնվել Մեծ Բրիտանիայում, քանի որ այնտեղ ավելի հեշտ է ստանալ սոցիալական օգնություն, քան այլ երկրներում: