Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին

Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերը և Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ և հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի, և թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

AJ2

AJ4

AJ1

Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա կարևոր է համարել այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակություն­ների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաև Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանա­կանների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:

AJ6

AJ5

«Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», – ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպության շրջանակներում տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել մեր բարեկամությունն ու ընդլայնել համագործակցությունը», – ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և այս համատեքստում վարչապետը արժևորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակ­ցության զարգացման գործում: Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահի մակարդակով մասնակցությունն Արևելյան գործընկե­րության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:

Կողմերը կարևորել են նաև միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս