«Ես չգիտեմ՝ ինչ ականջներ ու պոչեր են տեսնում, այս շարժման հետևում ոչ մի ուժ էլ կանգնած չէր, և դա էր պատճառը, որ շարժումը կամաց-կամաց մարեց». Աղասի Ենոքյան

Բաղրամյան պողոտայում սկսված շարժման մարելու պատճառն այն էր, որ քաղաքական պահանջներ չդրվեցին, քաղաքական ուժերի ներկայությունն առանձնապես չկար այնտեղ: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ այս շարժման մեջ չկար այնպիսի խումբ, որը կկարողանար լիարժեք մինչև վերջ այն տանել:

Մեր այն դիտարկմանը, թե երբ արդեն «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց, որ իրենք գնում են Ազատության հրապարակ ու Բաղրամյան պողոտայում այլևս համակարգող խումբ չեն, կարծես որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձեցին շարժումն իրենց ձեռքը վերցնել, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ ինքը եղել է Բաղրամյան պողոտայում, այնտեղ տեսել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների, բայց նրանց կողմից շարժումն իրենց ձեռքը վերցնելու փորձեր չի նկատել:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ձևավորվեցին քաղաքացիների համակարգող խմբեր: Ցուցարարները նախ՝ կազմավորեցին 10 հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն: Այնուհետև այդ խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին, ովքեր միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը: Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից), Դավիթ Սանասարյանը («Ժառանգությունից»), Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք էր հայտնել, թե քանի որ այդ համակարգող խմբում ընդգրկված են կուսակցական ակտիվիստներ, և քանի որ, ըստ քաղաքագետի՝ այդ երկու կուսակցությունները «ԱՄՆ պրոյեկտներն են», ինքը տեսնում է «ԱՄՆ-ի ականջներն այս շարժման հետևում»:

Կարդացեք նաև

Խոսելով քաղաքագետի վերոնշյալ գնահատականի մասին՝ Ա. Ենոքյանն ասաց, որ ինքը «ոչ մեկի ականջներն» էլ չի տեսնում այս շարժման հետևում: «Ես չգիտեմ՝ ինչ ականջներ ու պոչեր են տեսնում, դրանք ամբողջովին անհեթեթություններ են: Այս ամեն ինչը, ի վերջո, նրա համար է, որ Սերժ Սարգսյանը պաշտպանեց ռուսական պետական ընկերության կոռուպցիոն շահերը: Էլ ի՞նչ Ամերիկայի մասին է այստեղ խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը, ըստ որի՝ այս շարժման հետևում ոչ մի ուժ էլ կանգնած չէր, և դա էր պատճառը, որ շարժումը «կամաց-կամաց մարեց»:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանություններն օգտագործեցին շարժումը Ռուսաստանի հետ բանակցություններում: «Շարժման առկայությունը բերեց նրան, որ Ռուսաստանը զգալի զիջումների գնաց այլ հարցերում՝ Պերմյակովի գործի՝ հայաստանյան կողմին հանձնելը, Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավապահներին հանձնելը, ռուսական զենքի տրամադրումը, և այլն»:

 

Տեսանյութեր

Լրահոս