Ո՞ւմ «ականջներն» են երևում Բաղրամյան պողոտայում՝ ըստ քաղաքագետի
Հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ, Բաղրամյան պողոտայում ցուցարարները մնացին առանց նախաձեռնող խմբի: Իսկ հունիսի 30-ին ձևավորվեցին քաղաքացիների համակարգող խումբ:
Ցուցարարները նախ կազմավորեցին 10 հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն: Այնուհետև, այդ խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին, ովքեր միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը: Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից), Դավիթ Սանասարյանը («Ժառանգությունից»), Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Ինչպես երևում է, նոր նախաձեռնող խմբի մեջ ներգրավված են նաև կուսակցական ակտիվիստներ: Նախքան այս նոր նախաձեռնող խմբի ձևավորումը՝ արդեն իսկ մտավախություն կար, որ քաղաքացիական շարժումը վերածվում է քաղաքական շարժման, քանի որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց ձեռքը վերցնել քաղաքացիական այս շարժումն ու փոխել շարժման ուղղությունը: Այժմ արդեն կուսակացական ակտիվիստների ներգրավվումը այս շարժման համակարգող խմբի մեջ՝ ակնհայտորեն միտում ունի շարժման ուղղությունը և պահանջները փոխելու:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հենց ակտիվիստներն արդեն քաղաքացիական շարժումը վերաձևում են քաղաքական շարժման, որը «լիովին» փոխում է շարժման ամբողջ բովանդակությունը և ընթացքը: «Հիմա դա լիովին ցույց է տալիս, թե իրականում որ ուժերն են այդ շարժումն իրենց ձեռքում վերցրել: Ե՛վ «Ազատ դեմոկրատները», և՛ «Ժառանգությունը» ԱՄՆ-ի պրոյեկտներն են և հովանավորվող կուսակցություններ են: Այսինքն՝ այդտեղից հետևություն, որ աստիճանաբար այդ շարժումը նրանք տանում են դեպի մայդանացման: Արդեն բացեիբաց նշմարվում են այն «ականջները», որոնք կանգնած են այս ամենի հետևում, իսկ այս ամենի հետևում, իրոք, կանգնած են համապատասխան ուժերը՝ ի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասաց Գ. Համբարյանը:
Քաղաքագետն այդ շարժումն արդեն քաղաքացիական չի համարում, ըստ նրա՝ այն արդեն քաղաքական է. «Հիմա դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը կանգնելու էր ասեր՝ «այո, ես պարտություն եմ կրում և ընդունո՞ւմ եմ ամբողջության քաղաքացաիական շարժման ներկայացրած պահանջները»: Եթե ինքն այդպիսի բան աներ, ինքը պետք է նաև հրաժարական տար, որովհետև դա նշանակում էր նախագահի սարսափելի թույլ լինելու հանգամանքը: Որպեսզի այդ ամենը այդպես չմատուցվի հանրությանը և միջազգային հանրությանը ևս, նախագահը շատ դիվանագիտական տարբերակ ընտրեց: Ինքը հասկացրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացում տեղի չի ունենալու, ժամանակավորապես տեղի է ունենալու աուդիտ ՀԷՑ-ում, որը կպարզի՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են ՀԷՑ-ի ներկայացրած պահանջները, որպեսզի բարձրանա էլեկտրաէներգիայի գինը»:
Քաղաքագետը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների քայլը ճիշտ է համարում և «կոպիտ սխալ» է համարում այն կուսակցականների փորձը, որոնք այս ամենը դարձրեցին «քաղաքական պայքար»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: