Բաժիններ՝

Ունեցեք արժանապատվություն, երբ շփվում եք ՌԴ կառավարության ներկայացուցիչների հետ. Հրանտ Բագրատյան

«Եթե, իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, ուրեմն՝ այդտեղ ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում: Ուրեմն՝ ունեցեք արժանապատվություն, երբ շփվում եք ՌԴ կառավարության ներկայացուցիչների հետ: Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են, սխալ են, ինչ-որ տեղ անգրագետ են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա որպես օրինակ մատնանշեց ՀԷՑ-ը, որը դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով պարտավոր է ՋԷԿ-ից գնել թանկ էլեկտրաէներգիա, ոչ թե ՀԷԿ-երից էժանը: Հաշվարկելով, թե ինչքան հավելյալ ծախս են անում ՀՀ տնտեսվարողները, Հ. Բագրատյանը հայտարարեց, որ մեր ապրանքներն անմրցունակ են. «Դուք հանրապետությունը մտցրել եք ոչ մրցունակ դաշտ»:

Ըստ Հ. Բագրատյանի՝ այս համագործակցությունը հարկավոր է մեզ և ՌԴ-ին՝ բալանս ստեղծելու առումով: Սակայն նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ է համաձայնագրով արագորեն բարձրանում տուգանքը, և ով են այդ մասնագետները, որ այդպես են հաշվարկել: Համաձայնագրով նախատեսվում է, որ վարկի վճարումներն ուշացնելու դեպքում ՌԴ-ն կարող է համախմբված պարտք հայտարարել, ինչը նշանակում է, որ Հայաստանում դեֆոլթ է. «Ինչո՞ւ է նման նախադասություն հայտնվել: Ո՞ւմ էր պետք նման կետ մտցնել ռազմավարական դաշնակցի հետ պայմանագրում, որ որևէ քննադատության չի դիմանում: Սովորեք պրոֆեսիոնալ ձևով շփվել նրանց հետ»:

Հ. Բագրատյանը կոչ արեց ՀՀԿ-ականներին պատերազմ տեսնելու մասին չհիշատակել. «Մենք ենք պատերազմ տեսել, ու դեռ շատ պատմելու բան ունենք ձեզ: Երբ կգնաք իշխանությունից, պատմության գրքերը կփոխվեն, իհարկե»:

Ըստ Հ. Բագրատյանի՝ ՀՀ արտաքին պարտքը 12-13 մլրդ դոլար է, որից 4.6-ը ՀՀ կառավարությանն ու ԿԲ պարտքն է, սա էլ հետը՝ 4.8: Բացի դա, ըստ նրա, պետական պարտքի մեջ պետք է հաշվարկել նաև կառավարության տված երաշխիքները, որ ոչ ոք չգիտի, թե որքան են, օրինակ՝ Նաիրիտը 450 մլն, ՀԷՑ-ը 250 մլն: Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք չգիտի նաև բանկերի ու ձեռնարկությունների արտաքին պարտքերը, որ պետք է մտնի համախմբված պարտքի մեջ: Հ. Բագրատյանի գնահատականով՝ ապակողմնորոշիչ է, որ ՀՆԱ նկատմամբ պարտքը 60% է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս