
Օպերային թատրոնը նոր գեղարվեստական տնօրեն ունի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական տնօրեն ունի: Այս պաշտոնում, ըստ շրջանառվող լուրերի, կրկին նշանակվել է օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը: 168.am-ը լուրերի իսկությունը պարզելու համար կապվեց ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի բաժնի հետ, որտեղից շրջանառվող լուրը թեև չհերքեցին, սակայն տեղեկացրեցին, որ նշանակումը կատարվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի կողմից, և, որ այս թեմայով առավել հավաստի ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է խոսել այդ թատրոնի ղեկավարության հետ:
168.am-ը քիչ առաջ հեռախոսազրույց ունեցավ Գեղամ Գրիգորյանի հետ, ով հաստատեց լուրը:
Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը 1981 թվականից աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ, իսկ 1996-2000թթ. եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։