«Էներգիայի սակագինը բյուջեից չի սուբսիդավորվի». Հովիկ Աբրահամյան
«Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրեց մեր ակտիվիստներին մեր քայլերի մասին և կարծում եմ իրենք պետք է լինեն բավարարված և բավարարված են: Լուծումը շատ ճիշտ էր, և այն երկու անվստահությունը՝ ընկերության նկատմամբ և հանձնաժողովի նկատմամբ, մենք ապագայում կփորձենք խորհրդատվական ընկերությունների, աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել և հետամուտ կլինենք, որ դա իրականացվի: Ես կարծում եմ, որ դրանց հետո մենք կխոսենք մեր հանրության, մեր հասարակության հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը փոխհատուցելու ՀԷՑ-ին մինչև աուդիտի ավարտը, Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ ոչ բյուջեի միջոցների հաշվին, իսկ թե ինչ արտաբյուջետային միջոցների հաշվին, հավելյալ կտեղեկացնեն: Անցած տարի ՀԷՑ-ում անցկացված աուդիտի ժամանակ հայտնաբերված խախտումների հանդեպ անհետևողական մոտեցումը, որ այսօր այս իրավիճակը չլիներ, ըստ վարչապետի, նախ ընկերության սեփականատիրոջ խնդիրն է:
ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ քննարկումների համար, Հ. Աբրահամյանի կարծիքով, դեռ վաղ է և չեն կարող նման քննարկումներ լինել. «Կսպասենք ստուգումների արդյունքին և մենք մեր քայլը, մեր խոսքը անպայման կասենք»: Իսկ աուդիտի հետ կապված հարցերը, վարչապետի խոսքով, կկարգավորվեն հուլիսին: