Բաժիններ՝

Նոր մարտի մե՞կ, անակնկալ որոշումնե՞ր, թե՞ նոր բացահայտումներ. աստղաբանը` Բաղրամյան պողոտայում ծավալվող պայքարի մասին

«ՀՀ իշխանությունները պետք է պարզ աչքերով նայեն իրականությանը և երկրում տեղի ունեցող զարգացումներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան, հոգեբան Լյուսյա Հակոբյանը` անդրադառնալով Երևան քաղաքի կենտրոնում «Ոչ թալանին» շարժման շուրջ ծավալվող իրադարձություններին և իրավիճակի կարգավորման հեռանկարներին:

Տիկին Լյուսյան, ով մտահոգված է իրավիճակով, նախ տեղեկացրեց, որ հուլիս ամիսը կենցաղային, լարված ամիս է, ինչն անդրադառնում է և՛ փողոցում, և՛ ընտանիքներում, և՛ արտաքին աշխարհում տիրող իրավիճակի վրա: Ըստ նրա` լարվածություն է լինելու ծնող-երեխա հարաբերություններում, երիտասարդ ընտանիքներում, քաղաքական և աշխարհաքաղաքական կյանքում:

«Ամուսնալուծությունների տարի է, զույգերը պետք է ուշադիր լինեն բաժանումից խուսափելու համար»,- նկատեց նա: Նրա փոխանցմամբ` անցյալի հիշողությունների շրջան է ու յուրաքանչյուրի կյանքն այս փուլում կդասավորվի, ըստ նրա անցյալի և անցյալում գործած սխալների, այսինքն` կլինեն նաև պատասխաններ:

Տիկին Լյուսյան նաև նշեց, որ հուլիսը զգացմունքային շրջան է, համապաստախանաբար պետք է խուսափել զգացմունքներին տրվելուց: «Քանի որ տարին առողջությանն է վերաբերվում, հիմնական շեշտը լինելու է լեղապարկի ու լյարդի վրա, քանի որ լեղապարկի քարերը անցյալի պատմությունն են, լյարդն էլ հավատքի պակասությունն է»,- ասաց տիկին Հակոբյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այս օրերին Երևանում ծավալվող փողոցային պայքարին, ապա աստղաբանը խորհուրդ տրվեց կողմերին` և՛ իշխանությանը, և՛ քաղաքացիական նախաձեռնությանը սադրիչների գործողություններին չտրվել, քանի որ, նրա համոզմամբ, երկկողմանի սադրանքները շարունակվելու են: «Իսկ երիտասարդությունը շատ լավն ու գրագետ է, պատրաստ ամեն արդար, ազնիվ գործի, ուստի պետք է զգույշ լինի»,- խորհուրդ տվեց աստղաբան Լյուսյա Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը կանխատեսում է լարվածության շարունակականություն մոտակա ժամանակահատվածում, թեև նրա համոզմամբ, իշխանությունները պետք է իրավիճակը ճիշտ գնահատեն՝ լարվածությունը թոթափելու նպատակով:

«Թեև եթե հիմա ինչ-որ զիջման էլ գնան, հետո ժողովրդի քթից է գալու: Սակայն կասեմ հետևյալը, որ մարդիկ պահանջում են բացահայտել, թե ուր են կորել գումարները ՀԷՑ-ից, բայց պարզվելու է, թե ինչպես են թալանվել այդ գումարները, քանի որ ես տարվա սկզբին ասել եմ, որ այն մարդիկ, ովքեր անարդար գործեր, գործարքներ են արել՝ թե՛ իշխանավոր, թե՛ մշակ, սեպտեմբերից սկսելու են կամաց-կամաց պատիժներ ստանալ:

Ամենաառաջինը պատժվելու են ֆիզիկակապես, ապա հոգեպես: Հուլիս ամսին արտագաղթը ևս շատանալու է, երկիրը լքելու են երիտասարդ ընտանիքներ, չի բացառվում, որ արտագաղթեն որոշ իշխանավորներ ևս»,- մեկնաբանեց Լյուսյա Հակոբյանը:

Նա ասաց, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող շարժումը չի լքի Բաղրամյանի մատույցները, այդքան պայքարել են՝ չեն լքի: «Առաջիկա երկու ամիսներին լարվածության մակարդակը բարձր է լինելու, բայց նոր մարտի 1 չի լինելու: Դրսում ևս լարված է լինելու, խոսքը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին է»,- նշեց նա:

Լյուսյա Հակոբյանն ասաց՝ եթե իրական պահանջները չիրականացվեն, վատ հետևանքներն անխուսափելի են լինելու նրանց համար, ովքեր մեղավոր են ներկայիս իրավիճակի համար: «Արդեն շատ զոհեր ենք տվել Ղարաբաղում, երկրաշարժի, Ցեղասպանության ժամանակ, հերի՛ք է, պետք է սթափվենք, այդ ամենը մեր անցյալի սխալների պատասխաններն են, հերի՛ք է: Տիեզերքն է ասում, որ այսուհետ իրականացված բռնությունները չեն մարսվելու, պատասխանների փուլը հիմա է և դեռ շարունակվելու է, նախկինում իրագործված հանցանքները ևս, որ արվել ու մարսվել են իբր, ներված չեն, նրանց պատասխանը ևս հիմա է տրվելու և դեռ շարունակվելու է, քանի որ տարին աննախադեպ դեպքերի, անակնկալների տարի է համարվում:

Խորհուրդ կտամ եկեղեցուց ևս չհեռանալ: Բաղրամյանում հավաքված ժողովուրդը պետք է աղոթք անի, անձևները, որ գալիս են երեխաների գլխին, հենց այնպես չեն՝ բնությունն ինքն է ստիպում մաքրվել: Տերունական աղոթքն այնքան բարձր պետք է ասեն, որ երկինքը պատռվի ու լույս կառաջանա»,- ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը:

Ի դեպ, ըստ տիկին Լյուսյայի, լարվածությունը և տարվա նշանակությունը զգալի է ամբողջ աշխարհում: Նրա համոզմամբ, պատահական չեն աշխարհում արձանագրվող ջրհեղեղները: «Ամեն ջրհեղեցից հետո մաքրման շրջան է սկսվում, դրանք պատահական չեն, մեր մոտ էլ գյուղերում կարկուտներում և այլն եղավ: Մաքրում է սկսվում: Մեզ մոտ ևս սպասվում է, բայց ոչ ինչպես Թբիլիսիում և ոչ Երևանում»,- ասաց աստղաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս