«Հիմա մենք ունենք բացարձակ նոր երևույթ». Անդրեաս Ղուկասյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Անդրեաս Ղուկասյանն ասաց. «Այսօր, իմ կարծիքով՝ առաջացավ զգացմունքային իրավիճակ, երբ մարդիկ իրար նկատմամբ վիրավորական, անհարգալից դրսևորումներ, գնահատականներ են տալիս, դա զգացմունքային առումով կարող է մի պահ առաջանալ, որ հիմա անհրաժեշտ է հաղթահարել, որովհետև կարևոր գործառույթ է տեղի ունենում: Իրական գործընթացներ են մեր երկրի համար կատարվում, անհրաժեշտ է, որ դրա փոխարեն ձևավորվի կարծիքների փոխանակում՝ փոխադարձ հարգալից մթնոլորտում, ինչը բխում է մեր երկրի Սահմանադրությունից, որովհետև մենք պարտավոր ենք իրար կարծիքը հարգել և ոչ ոք չի կարող հարկադրել ինչ-որ մեկին հրաժարվել իր կարծիքից:
Երբ երկրում նման իրավիճակներ են՝ բոլորը պետք է շարժվեն Սահմանադրությունով` թե՛ ոստիկանությունը, թե՛ քաղաքացիները, թե՛ ապօրինի իշխանությունները, ուրիշ ճար չկա: Կուսակցությունները և կուսակցապետերը զրկված են որևէ հանրային վստահությունից, նաև եղել է մեծ քարոզ առաջնորդ գաղափարի դեմ, որ հանրության մոտ լինի անվստահություն ցանկացած առաջնորդի նկատմամբ: Հիմա մենք ունենք բացարձակ նոր երևույթ, որ կա ակցիա, որը նույնիսկ կառավարող չունի, երեկ ժամը տասից մինչև առավոտ մենք ունեցել ենք բողոքի ցույց, որը չի ունեցել կառավարող, համակարգող: Ես «ողջունում» եմ լրատվամիջոցներին, Բաղրամյան 26-ի տրոլինգային ֆաբրիկային, իրենց իսկապես հաջողվեց սերմացնել այնպիսի անվստահություն ցանկացած մարդու նկատմամբ, որը փորձում է նման վիճակում համակարգում հաստատել, կառավարում իրականացնել, որ արդեն մենք ունենք աշխարհում աննախադեպ երևույթ՝ կա բողոքի ակցիա, նույնիսկ ոչ թե առաջնորդ, կառավարում չկա»: